Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին:
Ողջունելով հյուրին նախագահը շեշտել է, որ աչալրջորեն հետևում է դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին, որոնց կարևորությունը դժվար է գերագնահատել:
Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը նշել է.
«Կարծում եմ՝ մեր պետության մեջ իրականացվող բարեփոխումների հաջողությունը պայմանավորված է լինելու նաև, թե ինչպիսին են այդ բարեփոխումները լինելու դատական համակարգում: Ամենաշատ սպասելիքները հենց այդ համակարգից են, և ես հույս ունեմ, որ Ձեր գլխավորությամբ Բարձրագույն դատական խորհուրդն իսկապես հաջողությունների կհասնի և մենք՝ որպես քաղաքացիներ վստահ կլինենք, որ իշխանության թևերից մեկը՝ դատական իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում իսկապես արդարադատություն կիրականացնի»:
Կարեն Անդրեասյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է.
«Պարոն նախագահ, նախ շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար, հանդիպման համար: Նաև ուզում էի ասել, որ լրանում է իմ պաշտոնավարման առաջին կիսամյակը, և մեր այսօրվա հանդիպման ժամանակ Ձեզ որոշ մանրամասներ կներկայացնեմ, թե ինչ հաջողվեց անել այս առաջին կիսամյակում»:
Հանդիպման ընթացքում ԲԴԽ նախագահն անդրադարձել է դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին և վերջիններիս առնչությամբ Հանրապետության նախագահին է ներկայացրել մի շարք մանրամասներ, ինչպես նաև ԲԴԽ կողմից իրականացվող համալիր ծրագրերն ու արվող քայլերը: