ՌԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐԻՈՒՊՈԼ
Կրեմլից հայտնում են, որ ՌԴ նախագահը ուղղաթիռով մեկնել է Մարիուպոլ, մեքենայով շրջել քաղաքում և հանդիպել բնակիչների հետ: Վլադիմիր Պուտինին ուղեկցել է Կառավարության նախագահի տեղակալ Մարատ Խուսնուլինը, որը զեկուցել է քաղաքում շինարարական և վերականգնողական աշխատանքների, մասնավորապես՝ Մարիուպոլի օդանավակայանի վերակառուցման ընթացքի մասին։
«Բացի այդ, Վլադիմիր Պուտինը այցելել է Դոնի Ռոստովում հատուկ ռազմական գործողության հրամանատարական կետ, լսել է գլխավոր շտաբի պետի Վալերի Գերասիմովի և ռազմական այլ ղեկավարների զեկույցները»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Պուտինի՝ Մարիուպոլ այցին արձագանքել է ուկրաինական կողմը: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել է՝ ռուս զինվորականների կողմից օկուպացված և ավերված Մարիուպոլ այցը հերթական անգամ ցույց տվեց ռուսական կողմի ցինիզմն ու զղջման բացակայությունը։
ՍԵՐԲԻԱՆ ԵՎ ԿՈՍՈՎՈՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ
Սերբիան և Կոսովոն Հյուսիսային Մակեդոնիայում եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի մասնակցությամբ 12-ժամյա բանակցությունների ընթացքում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել՝ տեղեկացրել է Սերբիայի նախագահը։ Ալեքսանդր Վուչիչի խոսքով՝ Պրիշտինան պարտավորվել է Կոսովոյում և Մետոխիայում սերբական մունիցիպալիտետների համայնք ձևավորել:
«Սերբիան ցանկանում է նորմալ հարաբերություններ ունենալ Կոսովոյի հետ։ Այնուհանդերձ, Սերբիան Կոսովոյի հետ որևէ միջազգային իրավական ուժ ունեցող փաստաթուղթ չի ստորագրի, քանի որ չի ճանաչում Կոսովոյի անկախությունը»,- ասել է Վուչիչը:
Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, նա նշել է, որ Սերբիայի և Կոսովոյի միջև բանավոր համաձայնությունը Կոսովոյի անկախության «դե ֆակտո ճանաչում» է:
Ավելի վաղ՝ Բորելը հայտարարել էր, որ Սերբիան և Կոսովոն աջակցություն են հայտնել հարաբերությունների կարգավորման մասին Եվրամիության նախաձեռնությանը, որի համաձայն՝ Սերբիայի և Կոսովոյի քաղաքացիները կկարողանան ազատ հատել Սերբիայի և Կոսովոյի սահմանը՝ օգտագործելով ներքին անձնագրերը և ավտոմեքենաների համարանիշները:
Հանդիպումից հետո 11 կետից բաղկացած փաստաթուղթ է հրապարակվել, ըստ որի կողմերը պայմանավորվել են բարիդրացիական հարաբերություններ զարգացնել, վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: Սերբիան նաև չպետք է առարկի միջազգային կազմակերպություններին Կոսովոյի անդամակցությանը: Լրատվամիջոցները նշում են, որ Սերբիան ձգտում է անդամակցել ԵՄ-ին, անդամակցության պայմաններից մեկը Կոսովոյի հետ հարաբերությունների կարգավորումն է։
ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՆ ԻԻՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԷՐ ՌԻԱԴ
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին հրավիրել է Էր Ռիադ։ Իրանի նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ այսպիսով Սաուդյան Արաբիայի թագավորը ցանկանում է ողջունել կողմերի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու և դեսպանատները վերաբացելու շուրջ ավելի վաղ, Չինաստանի միջնորդությամբ, ձեռք բերված պայմանավորվածությունը:
Նշվում է, որ Թեհրանը և Էր Ռիադը ջանքեր կգործադրեն տնտեսական և տարածաշրջանային երկկողմ գործակցությունն ամրապնդելու ուղղությամբ: Ըստ իրանական կողմի՝ Ռայիսին ընդունել է Սաուդյան Արաբիայի թագավորի հրավերը:
ԱՍԱԴՈՎԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԽՆԱՅՈՂԱԲԱՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը կոչ է արել բնակիչներին խնայողաբար օգտագործել ջրային ռեսուրսները:
«Կլիմայի փոփոխության, հարևան երկրներից ստացվող մակերևութային ջրերի կրճատման, բնակչության աճի, տնտեսական զարգացման ֆոնին ամենակարևոր խնդիրներից մեկը դարձել է ջրային անվտանգությունը»,- ասել է Ասադովը։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանում քաղաքացիները պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացնում ջրի պակասի դեմ: Վերջերս Սաաթլինի շրջանի բնակիչները փորձել են փակել դեպի Բաքու տանող ավտոճանապարհը, նրանք պնդել են՝ արդեն երկար ժամանակ է՝ գյուղատնտեսական հողերը ջուր չեն ստանում։ Ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ, կան տուժածներ և ձերբակալվածներ:
ԱՆԿԱՐԱՆ ԵՎ ԿԱՀԻՐԵՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Անկարան և Կահիրեն պետք է հնարավորինս արագ ամենաբարձր մակարդակի հասցնեն երկկողմ դիվանագիտական հարաբերությունները՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն եգիպտացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ Անկարան երբեք չի մոռանա փետրվարի 6-ի երկրաշարժից հետո Եգիպտոսի ցուցաբերած աջակցությունը։ Սամեհ Շուքրին էլ համոզմունք է հայտնել, որ թուրք-եգիպտական հարաբերությունների զարգացումը բխում է երկու ժողովուրդների շահերից։
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի, Լիբիայի հակամարտությանը և արևելյան Միջերկրական ծովի արևելյան հատվածում գազի հետախուզման հետ կապված լարվածությանը։
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Մարտի 17-ին Ֆրանսիայում առանց խորհրդարանում քվեարկության կենսաթոշակային տարիքը մինչև 64 տարեկան բարձրացնելու մասին օրենքն ընդունվելուց հետո հազարավոր ֆրանսիացիներ բողոքի ցույցեր են անցկացրել, դրանք շարունակվել են հանգստյան օրերին և վերածվել ոստիկանության հետ բախումների: Ցուցարարները բարիկադներ են կառուցել, աղբամաններ և ավտոմեքենաներ այրել: Իրավապահները նրանց ցրելու համար արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել, տասնյակ քաղաքացիներ են ձերբակալվել: Ցույցեր են տեղի ունեցել նաև Ֆրանսիայի այլ քաղաքներում:
Արհմիությունները հայտարարել են, որ մտադիր են ակցիաներ անցկացնել նաև մարտի 23-ին: Ֆրանսիայում հակակառավարական ցույցերը շարունակվում են արդեն 3 ամիս:
ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶՐՈՒՑԵԼ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, հրեական պետության և արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները և Իսրայելում դատական փոփոխությունները, որոնք, Նեթանյահուի պնդմամբ, Իսրայելը կդարձնեն ավելի ուժեղ և ժողովրդավար:
Իսրայելում այդ փոփոխությունների դեմ արդեն մի քանի ամիս է՝ զանգվածային բողոքի ակցիաները չեն դադարում: Տասնյակ հազարավոր իսրայելցիներ հանգստյան օրերին իրենց բողոքն են հայտնել Նեթանյահուի կառավարության քաղաքականությանը, նրանք պնդում են, որ Նեթանյահուն փորձում է յուրացնել իշխանությունը և վերահսկել դատական համակարգը։ Ամենազանգվածային հանրահավաքը տեղի է ունեցել Թել Ավիվում։ Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել: