Լաչինի միջանցքի շրջափակումը եռակողմ պայմանավորվածությունների խախտման առանձին դեպք չէ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Լեռնային Ղարաբաղի ոստիկանության անձնագրային բաժնի երեք աշխատակցի սպանությունը։ «Մարտի 6-ին ՌԴ ՊՆ-ն հստակ արձանագրեց, որ միջադեպը կատարել է ադրբեջանական կողմը»,- նշել է նախարարը և հավելել, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման նպատակն էր կանխել սադրանքները, ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ու ստեղծել պայմաններ բնականոն կյանքի վերականգնման համար:
Սակայն, ըստ նրա, տեղի են ունենում մի շարք իրադարձություններ, ինչպիսիք են ԼՂ գյուղերի օկուպացումը, հայ ռազմագերիներին պահելը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ոստիկանների և քաղաքացիական անձանց սպանությունները, հրադադարի կանոնավոր խախտումները, Բաքվի մերժումը 7-րդ կետով նախատեսված՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հովանու ներքո հայերի վերադարձը ԼՂ և հարակից տարածքներ, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը միակողմանիորեն սկսել է ադրբեջանցիներին Լեռնային Ղարաբաղի տարածք վերաբնակեցնելու գործընթացը, մինչդեռ հայկական կողմը դա չի անում համապատասխան միջազգային մեխանիզմի բացակայության պատճառով։
«Մեր գնահատականը մնում է նույնը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը էթնիկ զտումներ է նախապատրաստում»,- ասել է արտգործնախարարը:
Հայկական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է ռուսական խաղաղապահ զորախմբի կարևոր դերը Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի կանխման գործում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումից հետո։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանն անհրաժեշտ են անվտանգության երաշխավորման մեխանիզմներ և միջազգային մասնակցություն՝ ձգձգվող հակամարտության կարգավորման գործում:
«Ցեղասպանության կանխարգելման հարցում անհրաժեշտ է միջազգային մասնակցություն, անհրաժեշտ է նաև Լաչինի միջանցքի շրջան և Լեռնային Ղարաբաղ գործուղել միջազգային փաստահավաք առաքելություն: Այս հարցում ռուսական կողմի հետ փոխգործակցություն ենք ակնկալում»,- ասել է Միրզոյանը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը միևնույն ժամանակ շարունակում է օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունն այժմ հավակնում է Հայաստանի գրեթե ողջ տարածքին։
«Բաքվի ուղղակի սպառնալիքներն արտացոլված են վերջին հայտարարություններում, որ Հայաստանը չի կարող խաղաղ ապրել 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա, եթե չընդունի Ադրբեջանի պայմանները: Այնուամենայնիվ, մենք վերահաստատում ենք, որ միայն բանակցությունները կարող են տալ այնպիսի լուծում, որը կապահովի կայունություն և խաղաղություն»,- հայտարարել է Միրզոյանը։