Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցության հարցերը և, իհարկե, Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության թեման։ Արձանագրեցինք, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Շարունակվում է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը։ Գոհունակությամբ նշեցինք մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների սերտ փոխգործակցությունը, որի հետագա առաջխաղացմանն է միտված միջգերատեսչական խորհրդատվությունների վերաբերյալ ստորագրված երկամյա ծրագիրը։
Անդրադարձ կատարվեց մեր փոխգործակցությանը ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և այլ տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Ընդհանուր առմամբ բավարարված ենք միջպետական փոխգործակցության զարգացման դրական դինամիկայով»,- ասել է Միրզոյանը։
Հայաստանի արտգործնախարարը նաև նշել է, որ պատրաստ են այսուհետ ևս ջանքեր գործադրել Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: