2012 թվականի սեպտեմբերի 8: Երևանի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը նախօրոք պլանավորված էր, նպատակը՝ երևանյան կրկեսի հին շենքի փոխարեն նորի կառուցումը:
Երևանի կրկեսի առաջին շենքը 1928 թվականին է կառուցվել, այն փայտից էր։ 1939-ին նույն վայրում կառուցվեց կրկեսի քարե շենքը, որը հիմնովին վերակառուցվեց 1950-ին, ևս մեկ անգամ էլ՝ 1962 թվականին։
Սոս Պետրոսյան (Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար) - 70 թ. սեպտեմբերի 5-ից ելույթներով հանդես եկանք այ էս շենքում, հին շենքում, ու միշտ հիշում եմ՝ Ենգիբարյանն ինքը ասում էր՝ կլինի՞ մի ժամանակ, որ մենք ունենանք մի լավ շենք, որը համապատասխանի բոլոր էսպես չափանիշներին:
Դեռ 2005 թվականին պետական գույքը ներկայացվել էր օտարման. մրցույթը հաղթել էր «Երևանյան կրկես» ընկերությունը, որի 76.5 տոկոսի սեփականատերը «Տաշիր կապիտալն է», այն պատկանում է գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին: 2006-ին ընկերությունը ստանձնել էր 650 մլն դրամի պարտավորություններ՝ 2013-2015 թվականներին միջազգային ստանդարտներին համապատասխանող կրկեսի նոր շենքի կառուցման, ջեռուցման և հովացման համակարգերի ներդրման, անհրաժեշտ սարքավորումների և արդիականացման աշխատանքների իրականացման նպատակով: Կնքված պայմանագրում նշված են եղել ներդրումները, ըստ փուլերի, սակայն շենքի շինարարության ավարտը չի հստակեցվել: Ենթադրվում էր, որ այն պետք է պատրաստ լիներ 2015 թվականին, սակայն տարիների ընթացքում նախագիծը մի քանի փոփոխությունների ենթարկվեց, ավարտն էլ երկարաձգվեց. սահմանված վերջին ժամկետը 2021 թ.-ն էր:
Փաստացի, սակայն, սահմանված ժամկետում ընկերությունը չկարողացավ կատարել պայմանագրային պարատվորությունները, թեև, ըստ փաստաթղթերի, նախատեսվածից ավելի շատ ներդրումներ է արել: Առաջին փուլում Պետական գույքի կառավարման կոմիտեն 7.2 մլն դրամի տույժ և տուգանք հաշվարկեց:
Մերի Եղիազարյան (ՀՀ պետական գույքի կոմիտեի պայմանագրերի կնքման և հսկողության բաժնի պետի պարտականությունները կատարող) - 2020 թ. ՀՀ կառավարության որոշման հիմքով կնքվել է համաձայնագիր՝ ըստ որի տուգանքը ներվել է: Միաժամանակ ընկերությունը պարտավորվել է ավարտել շենքի շինարարական աշխատանքները 2021 թ. դեկտեմբերի 31-ին, որի դրությամբ կատարած ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու էր 6 մլրդ դրամ: Շինարարական աշխատանքների ավարտից հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքային պայմանագրեր էին կնքվելու 30 աշխատակիցների հետ:
Պատասխանատուները նշում են՝ երկարաձգման պատճառը կրկեսի համար արդիական ու ժամանակակից սարքավորումների ձեռքբերումն է, նաև Հայաստանում կրկեսային շինություն կառուցելու համար մասնագետների պակասը։
Ավագ Հովհաննիսյան (Երևանի կրկեսի գլխավոր ինժեներ) - Հյուրանոցային և մնացած հասարակական կամ բնակելի կառույցները բավականին էսօր լայն թափով շինարարություն ա իրականացվում, և մասնագետների պակաս՝ տեխնիկական, խորհրդատվության և այլ առումներով չկա։ Մեր ղեկավարությունը ժամանակ առ ժամանակ դրսից, Կրկեսային գործիչների միությունից կրկեսների լուրջ մասնագետներից հրավիրում են ստեղ, որպեսզի մեր կառուցած շենքը ադապտացնեն, բերեն էն ամենաբարձր չափանիշների, որի պահանջարկը էսօր կա ամբողջ աշխարհում:
Բացի այլ խնդիրներից, շինաշխատանքները չավարտելու պատճառ հանդիսացավ կորոնավիրուսի համավարակը: Կրկեսի նոր շենքն այժմ ունի երկու ստորգետնյա և վեց վերգետնյա հարկ։ Նախկինում շենքի բարձրությունը 18 մ էր, հիմա՝ 28.5: Սակայն բացի կրկեսային ներկայացումներից, շինությունը նաև կշահագործվի այլ նպատակներով։
Հրաչյա Արշակյան («Տաշիր գրուպ» ընկերության ներկայացուցիչ) - Հիմիկվա պահանջները թելադրեցին, որպեսզի մենք ստանանք բազմաֆունկցիոնալ շենք, և հիմա թե՛ շինարարական, թե՛ ինժեներական, թե՛ տեխնոլոգիական մասը էնպես է նախատեսվում, որ մենք էս շենքում կարողանանք անցկացնել թե՛ սպորտային միջոցառումներ, թե՛ համերգային ծրագրեր, ոչ միայն կրկես:
Կրկեսի շենքը դեռ չկա, բայց կրկեսային ներկայացումները Հայաստանում շարունակվում են:
Սոս Պետրոսյան - Շատերը մտածում են, որ կրկեսի շենքը պատրաստվում է, մենք՝ կրկեսի գործիչներս, սպասում ենք, թե երբ կլինի, կրկեսը հյուրախաղային կազմակերպություն է, մեր բոլոր դերասանները պրոֆեսիոնալ գտնվում են հյուրախաղերի մեջ, մենք դերասանների պակաս ունենք։
Նախորդ տարի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արգելել վայրի կենդանական տեսակների ընդգրկումը կրկեսներում: Այսինքն՝ անգամ շենքի գործարկումից հետո արջեր, վագրեր կամ փղեր երևանյան կրկեսում անթույլատրելի են լինելու:
Չնայած տարիներ տևող ու մի քանի անգամ երկարաձգված ժամկետներին՝ շինարարության ավարտի ամսաթիվը շարունակում է անորոշ մնալ: «Երևանյան կրկրես» ընկերությունը կրկին դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտե, որ վերջնաժամկետը տեղափոխվի այս տարվա դեկտեմբեր: Սահմանված ժամկետում պայմանագրի պահանջները չկատարելու դեպքում օրենսդրությունը նախատեսում է տուգանքների կիրառումից մինչև դատարանի միջոցով օտարված գույքի վերադարձ պետությանը:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան