ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է 50 000-Ը
Թուրքիայում փետրվարի 6-ին գրանցված երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը, տուժել է ավելի քան 107 հազար մարդ, հայտնում է Թուրքիայի բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակը։ Երկրաշարժի հետևանքով վնասը գնահատվում է 104 մլրդ դոլար։
Լրատվամիջոցները հայտնում են, որ մինչ օրս երկրում հետցնցումներ են գրանցվում: Այսօր ԶԼՄ-ները տեղեկացրել են Քահրամանմարաշում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին։
Երկրաշարժի հետևանքով ծովի մակարդակի բարձրացման հետևանքով Հաթայ նահանգի Իսկենդերուն քաղաքի փողոցներն էլ հեղեղվել են։ Իսկ Շանլըուրֆա և Ադըյաման բնակավայրերում ջրհեղեղների զոհերի թիվը հասնում է 20-ի։
ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 12,3 %-ՈՎ
2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 12,3%-ով՝ հասնելով 2,9 մլրդ դոլարի՝ հայտնում է երկրի Ազգային վիճակագրական ծառայությունը։
Երկու ամսվա տվյալով Վրաստանից արտահանման հիմնական ուղղությունների շարքում Հայաստանն առաջին հորիզոնականում է՝ ավելի քան 133 մլն դոլարով։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է, երրորդում՝ Չինաստանը։ Վրաստանի առևտրային գործընկերների ցանկը գլխավորում է Ռուսաստանը, որին բաժին է ընկնում Հանրապետության առևտրաշրջանառության 16,1%-ը:
Այս տարի վրացական ապրանքների արտահանումը ԱՊՀ երկրներ զգալիորեն աճել է, իսկ ԵՄ արտահանման ծավալը՝ նվազել։
ԴՈՆՖՐԻԴԸ ԿԼՔԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԸ
Քերըն Դոնֆրիդը մարտի վերջին կլքի ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական պաշտոնը, որը նա զբաղեցնում է 2021 թվականից՝ ասված է Պետքարտուղարության հայտարարության մեջ։
«Դոնֆրիդը վերջին 18 ամսվա ընթացքում ցույց է տվել իր հմտություններն ու նվիրվածությունը: Շնորհակալություն եմ հայտնում Քերընին Պետքարտուղարությանը և ամերիկացի ժողովրդին մատուցած հիանալի ծառայության համար», - նշված է պետքարտուղարի ուղերձում։
Էնթոնի Բլինքենն ընդգծել է Դոնֆրիդի ներդրումը դաշնակիցների և գործընկերների հետ Վաշինգտոնի հարաբերությունների ամրապնդման գործում։
ՍԻ ԾԻՆՓԻՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ Է
Չինաստանի նախագահ Սի Ծինպինը պաշտոնական այցով Մոսկվայում է: Սա նրա առաջին միջազգային այցն է նախագահի պաշտոնում երրորդ անգամ վերընտրվելուց հետո: Սի Ծինպինին Կրեմլում ընդունել է Վլադիմիր Պուտինը:
«Վերջին տարիներին Չինաստանը զարգացման անհավանական թռիչք է կատարել: Ամբողջ աշխարհում դա հետաքրքրություն է առաջացնում: Մենք նույնիսկ մի փոքր նախանձում ենք Ձեզ»,- ասել է Պուտինը:
Նա նշել է, որ միջազգային ասպարեզում երկու երկրի գործակցությունը նպաստում է աշխարհում բազմաբևեռության հիմնարար սկզբունքների ամրապնդմանը։ Պուտինը նաև ասել է, որ Մոսկվան ծանոթացել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման Պեկինի առաջարկներին։
Նա շեշտել է՝ Ռուսաստանը հարգում է Չինաստանի ջանքերը:
Սի Ծինպինն էլ վստահեցրել է, որ Պեկինը մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ երկար պատմություն ունեցող հարաբերություններին:
«Ես գիտեմ, որ հաջորդ տարի ձեր երկրում նախագահական ընտրություններ են: Ձեր հաստատակամ ղեկավարությամբ Ռուսաստանը զարգացել է ու բարգավաճել: Վստահ եմ՝ ռուս ժողովուրդն անպայման կշարունակի աջակցել Ձեզ»,- ասել է Չինաստանի նախագահը:
ԱՄՆ-Ն ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ 350 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Ուկրաինային 350 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր՝ 34-րդ փաթեթի մասին։ Այն ներառում է լրացուցիչ զինամթերք ամերիկյան HIMARS հրթիռային կայանների և հաուբիցների, ինչպես նաև Bradley հետևակի մարտական մեքենաների համար, HARM հրթիռներ, հակատանկային զենք և այլ սարքավորումներ:
«Ողջունում ենք ավելի քան 50 երկրի ջանքերը, որոնք համախմբվել են՝ աջակցելու Ուկրաինային իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում: Միայն Ռուսաստանը կարող է ավարտել այս պատերազմը: Մինչ այդ պահը կշարունակենք աջակցել Ուկրաինային»,- ընդգծել է Բլինքենը: