2022 թվականին հանրապետությունում հանցագործության դեպքերի 57.4 տոկոսը արձանագրվել է Երևանում. գրանցվել է 21.604 դեպք՝ նախորդ տարվա 16.438-ի փոխարեն: Հանցագործությունների բացահայտումը կազմել է 30.5%՝ նախորդ տարվա 49.6%-ի դիմաց: Հանցագործությունների աճը հավասարապես գրանցվել է բոլոր վարչական շրջաններում։
Վաղարշակ Մկրտչյան (Երևան քաղաքի դատախազի տեղակալ) - Այստեղ կարելի է առանձնացնել երկու վարչական շրջան, որտեղ հանցավորության աճը մի փոքր ավելի շատ է, դա Ավան և Նոր Նորք վարչական շրջաններն են, որտեղ արձանագրվել է հանցագործության դեպքերի աճ` 45.6%-ով և Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում՝ 46.8%-ով:
2022 թվականին Երևանում աճել են ինչպես ծանր հանցագործության դեպքերը՝ հասնելով 2942-ի, այնպես էլ առանձնապես ծանր հանցագործության դեպքերը՝ հասնելով 500-ի։ Երևանի դատախազի տեղակալը նշում է՝ առանձնապես ծանր հանցագործության դեպքերի հետ ներկայում հաշվառվում են նաև հանկարծամահության դեպքերը, որոնք սկզբում գրանցվում են որպես սպանություն՝ մինչև որոշակի քննչական գործողությունների ավարտը:
Վաղարշակ Մկրտչյան - Արձանագրված հանցագործության դեպքերի աճը ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ, օբյեկտիվ պատճառներից գործողության մեջ դրված նոր Քրեական դատավարության օրենսգիրքն ա, համաձայն որի կարգավորումների՝ եթե հաղորդումը հանցագործության մասին է, այսինքն՝ առերևույթ հնարավոր է Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքի նախնական իրավական գնահատական տալ, պարտադիր է դարձնում վարույթ նախաձեռնելը։
2022-ին Երևանում արձանագրվել է սպանության 18 դեպք՝ նախորդ տարվա 26-ի փոխարեն, սակայն նվազել է բացահայտման ցուցանիշը՝ 18-ից 7-ը բացահայտված չեն: Աճել են սպանության փորձի դեպքերը, արձանագրվել է 26 դեպք՝ նախորդ տարվա 18-ի փոխարեն, որից բացահայտված չեն 8-ը:
2022-ին պետությանը պաճառվել է 280 մլն 89 հազար 943 դրամի վնաս, որից վերականգնվել է 65 մլն 70 հազար 644-ը: Երևան քաղաքի դատախազի տեղակալը նշում է՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճը պայմանավորված է դրանց բացահայտման արդյունավետությամբ:
Վաղարշակ Մկրտչյան - Բոլոր քրեական վարույթներով կոռուպցիոն բնույթի դատախազների կողմից համապատասխան հանձնարարություններ են տրվում, որպեսզի քննության առնվի ոչ միայն կոնկրետ հաղորդման մեջ նշված դրվագը, այլև դրվագի հետ տվյալ հիմնարկի կամ կոռուպցիոն բնույթի հանցագործության այլ դրվագներ:
Ընդհանուր հանցագործության դեպքերի աճին զուգահեռ, նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, մասնավորապես, բնակարանային գողությունները: Ըստ Երևան քաղաքի դատախազի տեղակալի՝ դրան նպաստել են բազմաբնակարան շենքերի մուտքի դռների տեղադրումն ու կոդավորված փականները:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան