ՌԴ և Հայաստանի արտգործնախարարներ Լավրովի և Միրզոյանի հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարն անդրադարձել է տարածաշրջանում իրավիճակի լարվածությանը:
«Տարածաշրջանում իրավիճակն ավելի է լարվում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության ագրեսիվ հռետորաբանության և ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական սադրանքների ֆոնին: Եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի արգելափակումն Ադրբեջանի կողմից, էլեկտրաէներգիայի մատակարարման դիտավորյալ խափանումները հաստատում են՝ պաշտոնական Բաքվի նպատակը ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելն է:
Այս ֆոնին հրամայական է դառնում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումն ու Լաչինի միջանցքի բացումը՝ ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների համապատասխան, այնպես էլ համաձայն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի Ադրբեջանի դեմ ընդունած որոշման: Ցավոք, գործնականում եռակողմ հայտարարության այնպիսի կետ չկա, որն Ադրբեջանը չի խախտել՝ կրակի դադարեցման ռեժիմի շարունակական խախտումներ, ՀՀ տարածքի օկուպացիա, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակում, հայ գերիների պահում, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման խոչընդոտում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայ բնակիչների վերադարձի խոչընդոտում: Ավելին, ադրբեջանական կողմը շարունակական սադրանքներով տորպեդահարում է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման ջանքերը: Այս համատեքստում կցանկանայի ընդգծել դաշնակիցների և գործընկերների ակտիվ քայլերի ձեռնարկումը, որպեսզի Ադրբեջանը կատարի իր ստանձնած պարտավորությունները և դադարի ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի իր մարտավարությունը»,- ասել է Արարատ Միրզոյանը: