Հանդիպումից հետո կայացել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը:
«Մենք շատ հագեցած բանակցություններ անցկացրինք, քննարկեցինք երկկողմ հարաբերությունների ամբողջ համակարգը բոլոր ոլորտներում՝ տարածաշրջանային, միջազգային խնդիրներ և նախանշեցինք մեր ռազմավարական գործընկերության հետագա ուղիները:
Խոսեցինք Հարավային Կովկասում անհանգստացնող իրավիճակի մասին: Մենք տեսնում ենք Արևմուտքի անթաքույց ձգտումը Ռուսաստանին և Հայաստանին միմյանց դեմ տրամադրելու հարցում, խափանելու տարածաշրջանի անվտանգությունը, ինչն արվում է ոչ թե տարածաշրջանի երկրների, այլ իրենց աշխարհաքաղաքական շահերից ելնելով: Վստահ եմ, որ նման փորձերը դատապարտված են ձախողման:
Մանրամասն քննարկել ենք Լաչինի միջանցքի և ամբողջ Ղարաբաղում իրադրության կարգավորման ուղիները, կարևորել ենք բանակցային գործընթացի վերականգնումը եռակողմ պայմանավորվածությունների բոլոր ուղղություններով: Հույս ունենք, որ աշխատանքները, որոնք տարվում ենք Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ուղղությամբ, կօգնեն, որ երեք պետության փոխվարչապետները շուտով հանգեն որոշակի պայմանավորվածությունների:
Աշխատում ենք ակտիվացնել Ռուսաստանի աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն ուղղված գործունեությունը: Ռուսական կողմը պատրաստ է աջակցելու նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրին: Ես անկեղծ բավարարված եմ այսօրվա բանակցությունների արդյունքներով: Մենք անկեղծ էինք, և, վստահ եմ՝ այս հանդիպումն էլ ավելի կնպաստի մեր երկու պետության փոխըմբռնմանն ու կապերի խորացմանը, ինչպես նաև կայունության հաստատմանը Հարավային Կովկասում»,- ասուլիսի ներածական խոսքում ասել է ՌԴ ԱԳ նախարարը: