Թուրքիայի նախագահի թեկնածու, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն կարծում է, որ Անկարայի և Մոսկվայի հարաբերություններում փոփոխությունների պատճառ չկա, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանը մեր կարևոր հարևանն է, և երբ հանգամանքները պահանջում են՝ նաև գործընկեր է տարածաշրջանում համագործակցության համար: Իհարկե, մենք կարող ենք ունենալ կարծիքների որոշակի տարբերություններ, թեև գործում ենք միասին՝ ապահովելու տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը: Երկու երկրի շահերից է բխում փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների պահպանումն ու միմյանց ներքին գործերին չմիջամտելը: Ես թուրք-ռուսական հարաբերություններին այս տեսանկյունից եմ նայում, շատ եմ կարևորում երկարաժամկետ, կայուն փոխադարձ կապն ու հետևողական քաղաքականությունը»,- ասել է քաղաքական գործիչը։
Խոսելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Քըլըչդարօղլուն նշել է, որ հավատարիմ է պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքին: Անդրադառնալով Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցներին չմիանալու՝ Անկարայի դիրքորոշմանը, նա ասել է, որ «միջազգային իրավունքի տեսանկյունից ճիշտ կլինի հարգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած պատժամիջոցների վերաբերյալ որոշումները»։ Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի շրջանակներից դուրս կիրառվող պատժամիջոցներին, ապա այստեղ, նրա խոսքով, ուժի մեջ են մտնում մասնավոր հարաբերություններն ու կոնկրետ պետությունների հանգամանքները։