Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդն Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին հրավիրել է Էր Ռիադ։ Այս մասին կիրակի հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։
«Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլազիզը նախագահ Ռայիսիին ուղղված նամակում ողջունել է երկու եղբայրական երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին համաձայնությունը, նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Էր Ռիադ և կոչ է արել ամրապնդել տնտեսական ու տարածաշրջանային համագործակցությունը»։ Ջամշիդիի հայտարարությունը մեջբերում է Tasnim-ը: Նրա խոսքով՝ Իրանի նախագահն ընդունել է Սաուդյան Արաբիայի միապետի հրավերը։
Մարտի 10-ին Սաուդյան Արաբիան և Իրանը պայմանավորվեցին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և վերաբացել իրենց դեսպանատները երկու ամսվա ընթացքում։
Էր Ռիադի և Թեհրանի միջև հարաբերությունները սրվեցին 2015 թվականի մարտին՝ Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից Անսար Ալլահի (հուսիների) դեմ ռազմական գործողության մեկնարկով։ 2016 թվականի հունվարին, երբ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունն ու Մաշհադում հյուպատոսությունը ենթարկվեցին ցուցարարների հարձակմանը, որոնք զայրացած էին Ռիադում հայտնի շիա հոգևորական Շեյխ Նիմր ալ Նիմրի մահապատժից, Թագավորությունը խզեց դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ: