Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում նշել է, որ երկու երկրի արտգործնախարարներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանների անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերին, ինչպես նաև քննարկվել է իրականացման ընթացքը, մատնանշվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեք հայտարարությունների որոշ դրույթների չկատարման փաստը։
«Հարգելի՛ գործընկերներ, իմ այցը տեղի է ունենում Հարավային Կովկասում տիրող լարված իրավիճակի, և, ինչպես գիտեք, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պայմաններում, որը շարունակվում է ավելի քան երեք ամիս։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը եռակողմ հայտարարությունների շրջանակներում ուղղակի պարտավորությունների կոպտագույն խախտում է։
Այդ կապակցությամբ 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց և տրանսպորտային միջոցների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով»,- ասել է նա։
Միրզոյանը նշել է, որ բոլոր ներգրավված կողմերից ակնկալում է արդյունավետ քայլեր՝ խստորեն կատարելու իրենց պարտավորությունները և վերականգնելու Լաչինի միջանցքով շարժման ռեժիմը՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին խստորեն համապատասխան։