Մենք կարևորում ենք Հայաստան-Գերմանիա հարաբերությունների դինամիկ զարգացումն ու միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, նշել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսների գլխավորած պատվիրակության հետ կայացած հանդիպման ժամանակ:
Տաբեա Ռյոսները շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ լինելով նորաստեղծ պատգամավորական խումբ, որը պատասխանատու է տարածաշրջանի երկրների հետ համագործակցության հարցում` առաջին այցն իրականացնում է Հայաստան:
Նա տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` վերջերս Գերմանիա այցի ընթացքում իրենք հնարավորություն են ունեցել շփվելու նաև հայ խորհրդարանականների հետ: Տաբեա Ռյոսները հույս է հայտնել, որ այս այցը Հայաստան կնպաստի խորհրդարանների միջև համագործակցության էլ ավելի ակտիվացմանը:
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներ Հայկ Մամիջանյանն ու Սեյրան Օհանյանը կարևորել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը, ըստ որի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով` տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հավասար սկզբունքների հիման վրա:
Հայկ Մամիջանյանը գերմանացի գործընկերների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում նախապատրաստվող ցեղասպանական գործողությունների վերահսկման անհրաժեշտությանը: Պատգամավորն անդրադարձել է նաև Բաքվում պահվող հայրենակիցների ճակատագրին վերաբերող հարցին:
Սեյրան Օհանյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական գործողությունները, սադրանքներն ու ոտնձգություններն իրականացվել են բացառապես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման գաղափարին հակընդդեմ:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, կարևորվել են այդ հարցում միջազգային հանրության հետևողական ուշադրությունը և արձագանքը:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամներ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցութան ղեկավար Սեյրան Օհանյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը: