Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշումը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ իրավաբանորեն պարտադիր ուժ ունի՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, նաև դատարանի կանոնադրության։ Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Ցավոք սրտի, առերեսվում ենք իրականության հետ, երբ Ադրբեջանն անտեսում է որոշումը, նաև բոլոր մակարդակներում՝ սկսած ամենաբարձրից, փորձում է աղավաղել որոշման բովանդակությունը։
Դա նաև արտահայտվել էր վերջերս Ադրբեջանի արտգործնախարարի նամակում, որն ուղղված էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որին պատասխան նամակ ներկայացվել է նաև մեր նախարարի կողմից»,- ասաց Կիրակոսյանը։
Նա նշեց, որ փորձեր եղել են դատարանի միջանկյալ միջոցները կամ ժամանակավոր միջոց կիրառելու միջոցները ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ, բայց այդ դեպքերը հաջողությամբ չեն պսակվել։
«Իմաստը նրանում է, որ դեպքերը վերաբերել են մշտական անդամին, և մշտական անդամը կիրառել է վետոյի հնարավորությունը, ԱԽ-ում հարցը վերջնական քննարկման չի արժանացել։
Բայց մեր պարագայում, կարծում եմ, անհրաժեշտ է նմանատիպ ուղղությամբ աշխատել։ Գիտեմ, որ ԱԳՆ գործընկերներն արդեն աշխատում են այդ ուղղությամբ, որ ԱԽ-ում հարցը բերվի օրակարգ»,- ասաց Կիրակոսյանը։
Հիշեցնենք՝ Հայաստանը միջազգային դատարանից պահանջել էր պարտավորեցնել Ադրբեջանին՝ բացել Լաչինի միջանցքը։
Դատարանը բավարարել էր Հայաստանի՝ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը և պարտավորեցրել Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: