2023 թվականի հունվար-փետրվարին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) հասել է 2.9 մլրդ ԱՄՆ դոլարի։ Այս մասին հայտնել են երկրի վիճակագրության ազգային ծառայությունում (Գրուզստատ)։
Գերատեսչության տվյալներով ՝ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 12.3%-ով (արտահանումն աճել է 20.3%-ով, իսկ ներմուծումը ՝ 9%-ով)։
Վրաստանի առևտրային գործընկերների ցուցակը գլխավորում է Ռուսաստանը, նրան բաժին է ընկնում վրացական ապրանքաշրջանառության 16.1 տոկոսը (467 մլն դոլար): Վրաստանից ՌԴ արտահանման ծավալը կազմել է 128.2 մլն դոլար, Ռուսաստանից Վրաստան ներմուծումը՝ 338.8 մլն դոլար:
Վրաստանից Ռուսաստան հունվար-փետրվարին հիմնականում արտահանվել են ֆերոհամաձուլվածքներ (45.3 մլն դոլար), գինիներ (23.9 մլն դոլար), ավտոմեքենաներ (13.5 մլն դոլար), հանքային ջրեր (10.7 մլն դոլար), ոգելից խմիչքներ (8.8 մլն դոլար): Ռուսաստանից ներկրվող ապրանքների ցանկում առաջատարներն են նավթամթերքը (108.6 մլն դոլար), նավթային գազերը և այլ գազային ածխաջրածինները (68.4 մլն դոլար), ցորենը (10.1 մլն դոլար)։
Ընթացիկ տարում զգալիորեն աճել է վրացական ապրանքների արտահանումը ԱՊՀ երկրներ՝ գերազանցելով ընդհանուր ցուցանիշի 58%-ը։ ԵՄ արտահանման մասնաբաժինը կրճատվել է մինչև 12.7%։
Վրաստանից արտահանման հիմնական ուղղությունների շարքում առաջին տեղում է Հայաստանը (133.1 մլն դոլար), երկրորդ տեղում Ռուսաստանն է (128.2 մլն դոլար), երրորդում՝ Չինաստանը (112.4 մլն դոլար)։