ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսների գլխավորած պատվիրակությանը:
Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կլինի Գերմանիայում:
Նա նշել է, որ Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է` կարևորելով Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին:
Կարևորվել է նաև ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը և Գերմանիայի աջակցությունն այս հարցում: Հանդիպմանը ծավալուն անդրադարձ է եղել տարածաշրջանի և Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին:
Գերմանացի գործընկերները նշել են, որ աշխարհում ամեն օր ձևափոխվում է անվտանգային ճարտարապետությունը` հանգեցնելով նոր վերադասավորումների: Քննարկվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, Լաչինի ճգնաժամի հետևանքները:
«2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ, որով պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների` երկու ուղղություններով անխափան տեղաշարժը»,- նշել է Ալեն Սիմոնյանը` հիշեցնելով, որ դատարանի որոշումից հետո` մարտի 5-ին, ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Լեռնային Ղարաբաղի ոստիկանության աշխատակիցների վրա հարձակում եղավ, որին զոհ գնաց Լեռնային Ղարաբաղի երեք քաղաքացի:
Նա ընդգծել է, որ ակնկալում ենք գերմանացի գործընկերներից գործուն քայլերի ձեռնարկում` ապահովելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշման անհապաղ իրականացումը:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը` Հայաստանում նոր` ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու համար` համոզմունք հայտնելով, որ այն էական դերակատարություն կունենա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման գործում: