ՍԵՎԾՈՎՅԱՆ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է
ՄԱԿ-ը հաստատել է, որ Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը երկարաձգվել է։ Այդ մասին ասված է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։
«Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը թույլ է տալիս ապահովել անվտանգ նավարկություն ուկրաինական որոշ նավահանգիստներից հացահատիկի, սննդի և պարարտանյութերի արտահանման համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ գործարքի ժամկետի երկարաձգման մասին հայտարարել էր նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը:
Նախօրեին 60 օրով հացահատիկի գործարքի երկարաձգման մասին էր հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին 10 տարով պատժամիջոցներ է սահմանել 300 ֆիզիկական անձանց և 141 իրավաբանական անձանց դեմ: Նրանց թվում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, վարչապետ Հուսեյն Առնուսը և արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադը։
Պատժամիջոցները նախատեսում են ակտիվների արգելափակում, առևտրային գործառնությունների սահմանափակում, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարման դադարեցում: Ցուցակում ընդգրկված մյուս անձանց ճնշող մեծամասնությունը ՌԴ քաղաքացիներ և կազմակերպություններ են, կա նա իրանական մի քանի ընկերություն։
ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
Վոլոդիմիր Զելենսկին ողջունել է Միջազգային քրեական դատարանի որոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Երեխաների իրավունքների հարցով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր տալու մասին:
«Դատարանի քայլը միջազգային արդարադատության ծանրակշիռ որոշում է այն գործով, որում իրական հեռանկար կա, և պատմական որոշում է, որից կսկսվի պատմական պատասխանատվությունը»,- ասել է նա:
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Միջազգային քրեական դատարանի որոշումը համարել է շատ կարևոր:
«Այդ քայլը միայն սկիզբն էր Ուկրաինայում իր հանցագործությունների և վայրագությունների համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հարցում»,- ասել է Բորելը:
Նրա խոսքով՝ որոշումը կարևոր է նաև Ուկրաինայի ժողովրդի համար:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը որոշման վերաբերյալ հայտարարել է. «Գլխավոր քարտուղարը միշտ կխոսի մեկի հետ, ում հետ պետք է խոսի, որպեսզի առաջ տանի մեր աշխատանքը»:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ հայտարարել է, որ արդարացված է համարում Հաագայի Միջազգային քրեական դատարանի որոշումը:
«Կարծում եմ, որ դա արդարացված է: Բայց հարցն այն է, որ դա միջազգային մակարդակով մեր կողմից ճանաչված չէ։ Բայց ես կարծում եմ, որ դա շատ ուժեղ դիրքորոշում է»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Ավելի վաղ Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Ռուսաստանի՝ Երեխաների իրավունքների հարցով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման միջազգային օրդերներ է տվել՝ նշելով, որ նրանք կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման համար։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել են, որ Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը, և դրանք իրավական տեսանկյունից նշանակություն չունեն Ռուսաստանի համար:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ
Թուրքիայում մեկնարկում է նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Այն կտևի մինչև մայիսի 13-ը: Նախագահի թեկնածուների առաջադրումը կսկսվի մարտի 19-ին և կավարտվի մարտի 23-ին, թեկնածուների ցուցակը կհրապարակվի մարտի 31-ին: Ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունները կամ միությունները պետք է իրենց թեկնածուների ցուցակները ԿԸՀ ներկայացնեն մինչև մարտի 24-ը:
Քվեարկությունը տեղի կունենա մայիսի 14-ին, անհրաժեշտության դեպքում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կարող է անցկացվել մայիսի 28-ին: Թուրքիայի նախագահ Էրդողանն իշխող Ժողովրդական դաշինքի՝ նախագահի թեկնածուն է։ Ընդդիմությունից նրա հիմնական մրցակիցը կլինի Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԽՈՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյմս Քլևերլին պաշտոնական այցով ժամանել է Աստանա: Նրան ընդունել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, որը Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին հրավիրել է այցելել հանրապետություն: Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, առևտրատնտեսական, ներդրումային և հումանիտար ոլորտներում համագործակցության ամրապնդման հեռանկարները:
Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան։ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի խոսքով՝ Լոնդոնը դրական է գնահատում Ղազախստանում ընթացող քաղաքական բարեփոխումները:
Բրիտանացի դիվանագետին ընդունել է նաև Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը:
«Ղազախստանի համար կարևոր քայլ կլինի ռազմավարական գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը, որի մշակումն ավարտական փուլում է»,- ասել է Սմաիլովը:
Քլևերլին ընդգծել է, որ Ղազախստանը Կենտրոնական Ասիայում Մեծ Բրիտանիայի կարևորագույն առևտրային գործընկերներից մեկն է: