ՀՀ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԶՈՐՔԵՐԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ԿՈՉ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների, ինչպես նաև Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ զեկույցները:
Հայաստանի վերաբերյալ զեկույցում Եվրախորհրդարանը արձանագրում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ լուծված չէ, շեշտում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով և ուժի կիրառման սպառնալիքով:
Խաղաղության համապարփակ պայմանագիրը պետք է ներառի դրույթներ, որոնք երաշխավորում են Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ տարածքներում ապրող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև փախստականների և տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձն իրենց տներ:
Զեկույցը խստորեն դատապարտում է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան, որը հրադադարի կոպիտ խախտում է և հակասում է կողմերի պարտավորություններին:
Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, վերացնել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի խոչընդոտները, կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել հետագա էսկալացիայի:
ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄ՝ ԵՄ ԿԱՄ ԵԱՀԿ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ. ԿՈՉ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Թուրքիային էլ Եվրախորհրդարանը կոչ է անում արագ կյանքի կոչել երկու երկրի հարաբերությունների կարգավորման համատեքստում հատուկ ներկայացուցիչների պայմանավորվածությունները, ինչպես նաև ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Փաստաթղթում անդրադարձ կա նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին, կարևորվում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը։ Եվրախորհրդարանը ողջունում է նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը:
Կոչ ենք անում Ադրբեջանին՝ համաձայնել ԵՄ դիտորդների տեղակայմանը նաև իր տարածքում: Կայունության, փոխվստահության, և արդարության ապահովման նպատակով կոչ ենք անում իրականացնել սահմանագծում՝ Եվրամիության և/կամ ԵԱՀԿ միջնորդությամբ:
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ
Եվրախորհրդարանի պատգամավորները բարձր են գնահատում Հայաստանում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, «որոնց արդյունքում մեր երկիրը դարձել է ժողովրդավարության ոլորտում առաջատարը տարածաշրջանում»:
Գնահատում ենք Հայաստանի պայքարը հանցավորության և կոռուպցիայի դեմ, ինչի շնորհիվ այն դարձել է տարածաշրջանի անվտանգ երկրներից մեկը: Խրախուսում ենք Կառավարությանը՝ շարունակելու բարեփոխումների իրականացումը՝ չնայած միջազգային բարդ իրավիճակին և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին։
Զեկույցի շուրջ քննարկումներին ներկա է եղել նաև Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը: Նա նշում է՝ Եվրախորհրդարանում մեծ հետաքրքրվածություն կա տարածաշրջանի, Հայաստանի և, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ կապված: Աննա Աղաջանյանի խոսքով՝ Եվրամիությունը մտահոգ է և ցանկանում է ներդրում ունենալ:
Աննա Աղաջանյան (Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Հետաքրքիր էր լիագումարում Եվրոպական հանձնաժողովի անդամ, հանձնակատար Վարհեիի ելույթը, որը գործադիրի անունից, նա նշեց գոհունակությամբ Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը, բարեփոխումները, այդ կոնտեքստում ասաց, որ ՀՀ-ն արժանի է մեր աջակցությանը, ինչը շատ կարևոր է:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿՈՉ ԵՄ-ԻՆ
Եվրախորհրդարանը հաստատել է նաև ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ զեկույցը, որում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կա Լաչինի միջանցքի արգելափակմանը:
Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Հորդորում ենք ապահովել Լեռնային Ղարաբաղում բոլոր փոքրամասնությունների անվտանգությունն ու իրավունքները, քանի որ դա անհրաժեշտ է հետպատերազմյան վերականգնման և հաշտեցման համար։ Կողմերին նաև կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից, դատապարտում ենք խաղաղության գործընթացը խաթարող ցանկացած փորձ։ Կրկնում ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի:
Փաստաթղթում հիշատակվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որով Ադրբեջանը պարտավոր է ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, եթե դատարանի որոշումն անհապաղ չկատարվի։
Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, նշվում է, որ դա պետք է իրականացվի միջազգային իրավունքին համապատասխան, այդ թվում՝ հաշվի առնելով Հելսինկյան եզրափակիչ ակտը, մասնավորապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման կարևորությունը, ինչպես նաև կողմերի պայմանավորվածությունները, ներառյալ՝ Ալմա Աթայի հռչակագիրը:
Եվրախորհրդարանը նաև կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց, ինչպես նաև հետաքննել ռազմագերիների խոշտանգման և պատերազմական այլ հանցագործությունների փաստերը:
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅԻ ԲԱՔՎԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ. ԶԵԿՈՒՅՑ
Փաստաթղթի հեղինակները հավելում են՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն ավելի է բարդացրել տարածաշրջանի անվտանգային իրավիճակը, իսկ ռուս խաղաղապահները չեն ցանկացել կամ չեն կարողացել կանխել Ադրբեջանի հարձակումները: Նշվում է նաև, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ և անմիջապես հետո ԵՄ-ի պասիվ դիրքորոշման հետևանքով տարածաշրջանում ամրապնդվել են այլ խաղացողներ՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։
Դատապարտում ենք Հարավային Կովկասում Թուրքիայի ապակայունացնող դերակատարումը, այդ թվում՝ 2020 թվականին Հայաստանի դեմ կռվելու համար սիրիացի վարձկաններ ուղարկելը: Թուրքիան պետք է վերանայի Ադրբեջանին անվերապահ աջակցությունը և շոշափելի քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Եվրախորհրդարանը ողջունում է այն փաստը, որ չնայած տարածաշրջանում լարված իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունները ջանքեր են գործադրում՝ հաղթահարելու առկա խնդիրները:
Կոչ ենք անում ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների, հատկապես ՄԱԿ-ի հասանելիությունը Լեռնային Ղարաբաղ:
Եվրապատգամավորները ընդգծում են՝ Ադրբեջանը պետք է հստակ քայլեր իրականացնի՝ բարելավելու մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը՝ նախքան Եվրամիությունն էլ ավելի կխորացնի իր քաղաքական և էներգետիկ գործընկերությունը այդ երկրի հետ:
ԲԵԼԳԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ՝ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ
Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, անդրադառնալով ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին զեկույցին, ընդգծում է՝ Եվրախորհրդարանը հասկանում է Ադրբեջանում և Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված տարբերությունները:
Աննա Աղաջանյան - Խորհրդարանը, մի քանի անգամ դիմելով հանձնաժողովին, ասեց՝ ռեալ քաղաքականությունը իհարկե շատ լավ է, բայց նաև մտածենք ոչ ժողովրդավարական երկրի հետ մեր հարաբերություններն էլ ավելի զարգացնելու մասին: Դա բավականին լուրջ ազդակ է գործադիրին: Եթե ԵՄ-Ադրբեջան նոր պայմանագիր ստորագրվի, այն պետք է վավերացվի խորհրդարանի կողմից, դա պետք չէ մոռանալ:
Նրա խոսքով՝ Բաքուն պետք է գիտակցի, որ չի կարող անտեսել ԵԽ կարծիքը և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների ընդունած այս լուրջ փաստաթուղթը: Ընդունված զեկույցներն ունեն նաև քաղաքական կարևորություն: Այն կարող է հիմք դառնալ ԵՄ անդամ երկրներում բանաձևերի և հայտարարությունների ընդունման համար: