«Այգ-1»-ի կառուցման համար անհրաժեշտ մոտ 170 հա հողակտորը Թալին համայնքը փետրվարի վերջին նվիրաբերեց պետությանը: Այս գործընթացը պետք է դեռ 2021-ին իրականացվեր, երբ հաստատվեց «Այգ-1» արևային կայանի կառուցման ծրագիրը: Մոտ 490 հա անհրաժեշտ հողի 320 հա-ը Դաշտադեմ համայնքինն էր, 170-ը՝ Թալին: Մինչև համայնքների միավորումը, Դաշտադեմը հենց այդ տարում հողը նվիրաբերեց պետությանը, Թալինում գործընթացը ձգձգվեց:
Աշոտ Գիլոյան (ՀՀ ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ) - 2021-ի դեկտեմբերին եղավ իրենց առաջին ընտրությունը, ու էդ ժամանակ, ցավոք սրտի, Թալինի պարագայում ավագանին չէր գործում, էդ որոշումը ուշացավ նվիրաբերության, որովհետև առանց ավագանու որոշման հողը նվիրաբերել չի լինում, դա համայնքային նշանակության հող ա:
Հողը, ի վերջո, նվիրաբերվեց, բայց համայնքը դժգոհություն ուներ: Արևային կայան կառուցող «Մասդար» ընկերությունը պարտավորվում էր 320 մլն դրամ հատկացնել համայնքին: Բայց Թալինի համայնքապետարանից հակադարձում էին՝ 170 հա-ի կադաստրային արժեքը 2 մլրդ դրամ է: ՏԿԵ նախարարը, ԱՆԻՖ-ի ղեկավարը և Թալինի համայնքապետը այս հարցով մի քանի քննարկում ունեցան, ի վերջո, ընդհանուր հայտարարի եկան: Որոշվեց՝ «Մասդարի» 320-ից բացի, 700 մլն էլ կտրամադրի կառավարությունը՝ հրատապ ծրագրերի համար:
Տավրոս Սափեյան (Թալին համայնքի ղեկավար) - Էդ 1 մլրդը մենք 24 թվի սուբվենցիա ենք ներկայացնելու, այսինքն՝ դառնալու է 2 մլրդ դրամ:
Այժմ այն ծրագրերը, որոնց իրագործման համար ծախսվելու է 2 մլրդ դրամը:
Թալինի այս մանկապարտեզը 2018-ից չի գործում: Հենց այդ գումարով հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրով համայնքը որոշել է հիմնանորոգել շենքը: Խոշորացումից հետո նոր մանկապարտեզի անհրաժեշտություն կա:
Խաչատուր Տերտերյան (Թալինի համայնքապետարանի համակարգող) - Ջեռուցումը կա, միայն վերանորոգում պիտի լինի, գույքն էլ ենք բերելու, նոր ենք բերելու, 4 խումբ ա լինելու:
Հատկացված գումարով նախատեսել են ընդլայնել նաև Մաստարա գյուղի գործող մանկապարտեզը: Այստեղ մոտ 30 երեխա հերթում է:
Արտակ Մնացականյան (Թալին համայնքի Մաստարա բնակավայրի վարչական ղեկավար) - Որոշել ենք նոր մասնաշենք ստեղ կառուցենք՝ էս հատվածում, խաղահրապարակը կտեղափոխենք էն կողմ:
Եվս մեկ մանկապարտեզ էլ զրոյից կկառուցեն Կաքավաձորում: Սա նախատեսվող աշխատանքի մի մասն է՝ մանրամասնեց համայնքապետը: Եվ քանի որ Թալինն արդեն խոշորացված է, Թալինում ու Դաշտադեմում նախատեսվող ծրագրերից զատ, գումարի գրեթե կեսը կուղղեն մյուս համայնքների զարգացմանը:
Տավրոս Սափեյան - Կաքավաձոր վարչական տարածքում կա նաև խմելու ցանցի վերանորոգում, կա Ագարակ համայնքի խմելու ցանցի վերանորոգումը, կա Կարմրաշեն վարչական տարածքի խմելաջրի վերանորոգումը և նաև 14 գյուղում, եթե չեմ սխալվում, չկա գազի համակարգը, որ գազիֆիկացում պետք ա արվի: Ես որոշել եմ, որ 24 թվին պետք ա Ոսկեթասի կողմը գազիֆիկացում և Սասնաշեները, ինչ խոսում ենք, էդ գումարի մասին ենք խոսում: Եվ կան գյուղեր, որ ասֆալտապատում ընդհանրապես չկա, մշակույթի տներ չկան, գրադարաններ չկան:
ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրենի տեղակալը, հողհատկացման ուշացումից բացի, աշխատանքների բնականոն ընթացքին խանգարող այլ պատճառներ էլ նշեց:
Սերգեյ Գրիգորյան (Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրենի տեղակալ) - Եվ օբյեկտիվ պատճառներից մեկն էլ հենց շրջակա միջավայրի ուսումնասիրությունն էր՝ թե՛ հնէաբանական տեսանկյունից, թե՛ ընդհանուր բնության պահպանության տեսանկյունից: Կարծում ենք, որ «Մասդարի» գործընկերների հետ կկարողանանք կրճատել ուրիշ էտապները, որոնք պետք է կայանային, և հասցնենք այն ժամկետում, որը նախատեսված է:
4-րդ հանրային լսումից հետո արդեն շինարարական աշխատանքներ իրականացնելու մրցույթ կհայտարարվի: Սերգեյ Գրիգորյանը հիշեցրեց՝ նախագիծը ռազմավարական նշանակություն ունի, այն ամենամեծ արևային կայանն էլ լինելու Հայաստանում, պետք է մատակարարի ընդհանուր էլեկտրաէներգիայի շուրջ 7 տոկոսը: Ներդրվելու է 170 մլն դոլարից ավելի գումար, և, ըստ պայմանագրի, արտադրված հոսանքի 1 կվտ-ը արժենալու է 2.9 ցենտ, գործարկումը 2025-ին է նախատեսված: Պրոյեկտի իրականացման արդյունքում Թալին խոշորացված համայնքի բնակիչների համար նաև նոր աշխատատեղեր կստեղծվեն:
Սերգեյ Գրիգորյան - Քանի որ պրոյեկտը տեխնոլոգիական է, այն չի ենթադրում մեծ քանակով աշխատակիցների առկայություն: Որոշակի աշխատատեղեր, բնականաբար, կստեղծվեն կառուցման էտապին, և այդ ժամանակ զբաղվածությունը մեծաքանակ կլինի, բայց հենց կառավարման տեսանկյունից աշխատատեղերի քանակն այդքան մեծ չէ, մեր գնահատականներով՝ պետք է լինի մինչև 50 աշխատող:
200 մվտ հզորությամբ «Այգ-1»-ի կառուցումն ու գործարկումը կնպաստի նաև արևային էներգետիկայի մասնաբաժնի էական ավելացմանը, ինչը ամրագրված է էներգետիկայի բնագավառի զարգացման ծրագրով: Մինչև 2030 թվականը արևային էներգետիկայի մասնաբաժինը ընդհանուր ցանցում պետք է հասնի 15 տոկոսի:
Տիգրան Մելքոնյան (ՀՀ ՏԿԵՆ էներգետիկայի վարչության պետ) - Կայանը լինելու է խոշորագույնը արդյունաբերական մասշտաբի Հայաստանում և տարածաշրջանում: Ոչ միայն ավելացնելու է վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը, մասնավորապես, արևային էներգետիկայի մասնաբաժինը մեր արտադրող հզորությունների շարքին, այլև, հաշվի առնելով ընկերության միջազգային փորձը, նոր մշակույթ է ձևավորելու Հայաստանում:
2022-ի տվյալներով, օրինակ՝ արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ 2.7 տոկոս է կազմել, չհաշված տանիքներին տեղադրված ինքնավար կայանների արտադրած հոսանքը: Ներկայիս տեմպերը հաշվի առնելով՝ ՏԿԵՆ-ում վստահ են, որ անհրաժեշտ 15 տոկոսին կհասնեն անգամ նախանշված ժամկետից շուտ:
Տիգրան Մելքոնյան - Մեր ներկայիս կառուցվածքը՝ ատոմային էներգետիկա, հիդրոէներգետիկա և ջերմաէլեկտրակայաններից արտադրվող, նաև արևային կայաններ: Հիմա աստիճանաբար ջերմաէլեկտրակայանների արտադրանքը նվազելու է, և դրան փոխարինելու է վերականգնվող էներգետիկայի արտադրանքը, բայց զուգահեռաբար հաշվի առնելով, որ կուտակիչ կայաններն են զարգանում, դրանց գնային փոփոխությունները, տեխնոլոգիական զարգացումները, մենք այդ ուղղությամբ նույնպես մտածում ենք և քայլեր ենք ձեռնարկում:
Այս պահին մեր երկրում արևային 60 կայան արդեն գործում է՝ 205 մվտ ընդհանուր արտադրողականությամբ: 8 կայան էլ հիմա կառուցման փուլում է՝ 84 մվտ ընդհանուր հզորությամբ: Աճել է նաև ինքնավար արևային կայանների արտադրանքը, որով քաղաքացիները սեփական կարիքների համար են հոսանք արտադրում: