Ամեն տարի Հայաստանի բուհերից դուրս է մնում մոտ 4500 սովորող: Եվ սա այն դեպքում, երբ տարեկան ուսանող են դառնում մոտ 17.000-ը: Ընդ որում՝ կրթական գործընթացից դուրս են մնում ոչ միայն առաջին, այլև ավելի բարձր, նաև ավարտական կուրսերում սովորողները: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում օրինաչափ են համարում ընդունվող-դուրս մնացող հարաբերակցությունը, նշում՝ մեծ մասի հեռացման պատճառը կրթական գործընթացը չհաղթահարելն է:
Լուսինե Գրիգորյան (ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ) - Նաև այլ պատճառներ կան, այդ թվում նաև՝ վարձը չվճարելու հետ կապված, բայց էդ միտումն աստիճանաբար փոքրանում է, որովհետև և՛ պետությունը, և՛ բուհը, և՛ առանձին կրթական հիմնադրամներ փոխհատուցում են ուսանողների վարձը, բայց ինչպես պետության, այնպես էլ այդ հիմնադրամների և բուհի համար առաջին պայմանը բարձր և լավ առաջադիմությունն է:
Նախարարության պաշտոնյան հիշեցնում է՝ եթե նախկինում պետությունը սոցիալական ծրագրերով օգնում էր միայն բարձր առաջադիմություն ունեցող՝ 80-ից բարձր միջին որակական գնահատական ունեցող ուսանողներին, վերջին երկու տարում աջակցություն են ստանում նաև 60 և բարձր ՄՈԳ ունեցողները: Կարծիք կա նաև, որ բուհերից դուրս մնացողների թիվը մեծ է նաև այն պատճառով, որ ընդունվելն է դարձել ավելի հեշտ, ինչի հետևանքով ուսանող են դառնում նաև դպրոցում ցածր առաջադիմություն ունեցողները:
Լուսինե Գրիգորյան - Միտումները գնում են նրան, որ բուհերը պետք է ընտրեն իրենց ուսանողներին՝ դա լինի հեշտ, թե դժվար, իրենք են ընտրում իրենց ուսանողներին և պատասխանատու են նաև վերջնարդյունքի ուսանողի՝ շրջանավարտի որակի համար: Այստեղից է գալիս արտահայտությունը, որ ընդունվելը հեշտ է, բայց ավարտելը՝ դժվար: Այո, պետք է կրթական գործընթացներն այնպես լինեն, որ ոչ թե դժվար լինի, այլ սովորելու տեսակետից ստիպի ուսանողին առաջադիմություն ցուցաբերել:
Հեռացված ուսանողների թվով Երևանի պետական համալսարանն առաջին տեղում է: Վերջին երկու տարում մայր բուհին հրաժեշտ է տվել մոտ 920 ուսանող կամ սովորողների ընդհանուր թվի մոտ 3.5 տոկոսը: Ամփոփիչ ատեստավորման արդյունքում էլ 133 ուսանող ավարտական աշխատանքից, մագիստրոսական թեզից ստացել է անբավարար գնահատական՝ դիպլոմ չի ստացել:
Արմեն Սարգսյան (ԵՊՀ ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի վարիչ) - Վատ առաջադիմություն ունեցող ուսանողները պետք է դուրս մնան, դա նորմալ է, և, բնականաբար, մեծ մասն իմ նշած թվի իհարկե, ակադեմիական անբավարար առաջադիմությամբ հեռացվողներն են:
Ոլորտային նախարարությունը տարիներ առաջ վճարովի լուծարք հանձնելու հնարավորություն տվեց ուսանողներին: Եթե քննական պարտքերը չեն գերազանցում 12 կրեդիտը, նրանց մինչև ավարտական կուրս երկու անգամ լուծարքը վճարովի հանձնելու հնարավորություն է տրվում: Մեկ առարկայի լուծարքը մեկ փորձի համար 25.000 դրամ է: Արմեն Սարգսյանը ծրագիրը արդյունավետ չի համարում:
Արմեն Սարգսյան - Վերջին երկու տարիների ընթացքում 3000-ից ավելի դիմումներ են եղել: Մեծ մասը հաղթահարել է, չի կարողացել հաղթահարել ընդամենը 1.5 տոկոսը: Դա շատ խիստ ազդում է որակի վրա, որովհետև եթե մենք դիտարկում ենք դասընթացները, որոնք շարունակական բնույթ են կրում, ուսանողը սկզբնամասը չի կարող հաղթահարել, և ինքը շարունակում է մնացած դասերին գնալ և փորձել մյուսները հաղթահարել, և իր համար բավականին բարդ է հաղթահարել, որովհետև ինքը սկզբնամասը չի տիրապետում:
Սարգսյանի համոզմամբ՝ օր առաջ պետք է դադարեցնել վճարովի լուծարք հանձնելու հնարավորությունը: Բուհի ղեկավարությունը պատճառները վերլուծել, խնդիրը լուծելու այլ տարբերակ է մտածել: Պետհամալսարանում ուսանողները 20 բալանոց համակարգով են սովորում, 2022-ին ուսումնական կարգում փոփոխություն է արվել: Եթե նախկինում անցողիկը 8-ն էր, սեպտեմբերից դրական միավորը 10-ն է:
Արմեն Սարգսյան - Բազմագործոն գնահատման համակարգ մտցրեցինք, եթե ուսանողը կիսամյակի ընթացքում ոչ մի բան չարեց, վերջում որևէ բաղադրիչով՝ դա կլինի ընթացիկ քննություն, թե եզրափակիչ քննություն, ինքը չի կարողանալու դրական միավոր ստանալ և նման պարագայում ինքը նաև լուծարք չի կարող մտնել, և եթե իր ամբողջ առարկայական պարտքերը 12 կրեդիտը չեն գերազանցում, էն դասընթացը, որը չի կարողանում դրական շեմն ապահովել, ինքը գնում է դասընթացի կրկնման ամբողջությամբ:
Հեռացված ուսանողների թվով առաջատար է նաև Մանկավարժական համալսարանը: Վերջին տարիներին բուհը տարեկան ընդունում է մոտ 5000 ուսանող: Մոտ 10 տոկոսը տարբեր պատճառներով վերջին երկու տարում համալսարանին հրաժեշտ է տվել:
Նաիրա Սաֆարյան (ՀՊՄՀ ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր) - 40 տոկոսը հեռացվողների ակադեմիական պատճառով, առաջադիմության պատճառով, 35 տոկոսը տարկետումներն են, և մնացած 25 տոկոսն էլ արդեն դիմումի համաձայն ազատված համալսարանից: Եթե վարձավճարն ինչ-որ ձևով կարող ենք ընդառաջել, օժանդակել կամ տարբերակ գտնել, լուծումներ գտնել տարբեր հիմնադրամների և այլնի միջոցով սովորող ուսանողին օժանդակել, ապա առաջադիմությանը ոչինչ չենք կարող անել:
Մանկավարժականի պրոռեկտորը վստահեցնում է՝ ուսանողներից պահանջները խիստ են, շեշտում է՝ կարևորը վերջնարդյունքն է:
Նաիրա Սաֆարյան - Հանրակրթությունում մեծ բարեփոխումներ են տեղի ունենում, իսկ էդ բոլոր մարտահրավերներին մենք պետք է պատրաստ շրջանավարտ տանք: Այսինքն՝ հենց էնպես ուղղակի էդ ուսանողին մի կերպ տանենք, տանենք, հասցնենք, ավարտացնենք, էդ փաստաթուղթը տանք և հետո ուղարկենք դպրոց, կներեք՝ դա հանցագործության նման մի բան կստացվի:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ ուսանողները բուհից հեռացվում կամ հեռանում են հիմնականում սոցիալական խնդիրների պատճառով: Այս շարքում շատ են նաև մարզերի ուսանողները, որոնք սովորելուն զուգահեռ աշխատում են, տան վարձի փող տալիս:
Սերոբ Խաչատրյան (կրթության փորձագետ) - Սա նշանակում է, որ ուսանողներն ըստ էության ունեն ֆինանսական խնդիրներ և ստիպված են լինում հաճախ դասերի հաշվին աշխատել, որպեսզի կարողանան ուսման վարձը վճարել, և հաճախ իրենք չեն կարողանում էդ երկուսը համադրել: Բազմաթիվ դեպքեր կան, երբ ուսանողների մոտ նկատվում են ակնհայտ հոգնածություն, դեպրեսիաներ, որովհետև չեն կարողանում երկուսը համատեղել:
Սերոբ Խաչատրյանն ասում է՝ շատ համալսարաններում դրական թվանշան ստանալն այսօր էլ բավականին հեշտ է: Մյուս կողմից՝ բուհերի եկամտի 80-90 տոկոսը ձևավորվում է վարձավճարից, ու եթե ավելի շատ ուսանողներ հեռացվեն, ֆինանսական լուրջ խնդիրների առաջ կհայտնվեն:
Սերոբ Խաչատրյան - Մենք եթե իրական պատկերն ունենանք, ողբալի թվեր են լինելու, մենք այսօր շատ քիչ թվով ուսանողների ենք հեռացնելու, բայց եթե համալսարաններն ավելի օբյեկտիվ գնահատեն ուսանողներին և նրանց առաջադիմությունն ու հաճախումները, որովհետև բացակայությունների ահռելի թվեր ունենք, եթե օբյեկտիվ գնահատումներ արվեն, կարող ա պարզվի, որ ուսանողների 30 տոկոսին պետք է հեռացնել:
Ոլորտային նախարարությունից նշում են՝ խնդիրը պարզերից չէ, բայց համապատասխան քայլեր արդեն մշակվում են, վստահեցնում են՝ հնարավոր բոլոր գործողությունների նպատակը ոչ թե ինչ-որ մեկին պատժելն ու ուսանողի կարգավիճակից զրկելն է, այլ ոլորտը համակարգելը, ուսանողի համար կրթությունը ավելի գրավիչ դարձնելը: Դիպլոմ ստանալը ոչ թե ինքնանպատակ պետք է լինի, այլ՝ գիտակցված ընտրություն: