15 տարի անց՝ երկրորդ անգամ, Հայաստանը ընդունելու է Թուրքիայի ազգային հավաքականին: Ի տարբերություն նախորդի՝ այս անգամ Հայաստան - Թուրքիա հանդիպումը կկայանա ոչ թե «Հրազդան» մարզադաշտում, այլ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Հանդիպումից մոտ 2 շաբաթ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացրել էր՝ բոլոր տոմսերն արդեն սպառված են: Խոսքը 14.000 հանդիսատեսի մասին է: Խաղին թուրք երկրպագուներ չեն լինելու: Սա արդեն միջազգային գերատեսչության՝ ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշումն է։
Էդգար Մանուկյան (ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար) - Տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՈՒԵՖԱ-ի ու երկու երկրի ֆեդերացիաների նախագահների միջև, ու կայացվել է այդ որոշումը:
Հոկտեմբերի 9-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությամբ էր որոշվել՝ Հայաստանի ազգային հավաքականը մրցելու է Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականների հետ: Առաջին խաղը մարտի 25-ին է՝ Հայաստանը կհյուրընկալի Թուրքիայի հավաքականին:
Էդուարդ Քալանթարյան (մարզական մեկնաբան) - Շատ վատ դասավորվեց օրացույցը, իմ կարծիքով, որ մենք սկսում են Թուրքիայի հետ: Դա մեծ ճնշում է ֆուտբոլիստների վրա:
Ֆուտբոլային տեսանկյունից ամենաբարդը կլինի Խորվաթիայի հետ: Բայց տարբեր գործոններ հաշվի առնելով՝ ամենաբարդ խաղը Թուրքիայի հետ կլինի:
Դեռ ամիսներ առաջ որոշ թուրք քաղաքական գործիչներ չէին բացառել «ֆուտբոլային դիվանագիտություն 2-ի» հնարավորությունը: Սակայն փորձագետների կարծիքով՝ երկրաշարժի, ջրհեղեղի, ընտրական գործընթացների հետևանքով թուրքական կողմի հետաքրքրությունը հանդիպման նկատմամբ այդքան էլ մեծ չէ, ինչը չի կարելի ասել 2008-2009 թթ. հանդիպումների մասին, որի շրջանում երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հետագայում պիտի ստանար «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը:
Նելլի Մինասյան (թուրքագետ) - Դա թվով երրորդ փորձն էր: Փորձ արվեց կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները:
Փորձագետները կարծում են՝ այդ ընթացքում հարաբերությունների կարգավորման համար նպաստող տարբեր գործոններ կային
Գևորգ Կալլոշյան (թուրքագետ) - Եվրաինտեգրման գործընթացը, 2007 թ. Հրանտ Դինքի սպանությունը տեղի ունեցավ, որը թուրք հասարակության մեջ պոռթկում առաջացրեց, և հասարակությունից ազդակներ եկան: Ավելի առարկայական դարձրին հարաբերությունները, շփումը:
2007 թվականի սեպտեմբերին շվեյցարական կողմի միջնորդությամբ սկսվեցին նաև Հայաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների միջև գաղտնի բանակցությունները: Աշխարհի առաջնության որակավորման փուլում Հայաստանի և Թուրքիայի ազգային ընտրանիների սպասվող հանդիպումներն այդ գործընթացում դարձան կարևոր խթան:
2008-ի հունիսին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կհրավիրի Աբդուլլահ Գյուլին Երևան՝ միասին դիտելու հավաքականների խաղը: Այն սեպտեմբերի 6-ին էր:
Աբդուլլահ Գյուլ - Հուսով եմ՝ այս այցելությունը երկկողմանի հարաբերությունների կարգավորման համար լավ հնարավորություն կընձեռի:
Սերժ Սարգսյան - Ես շատ բարձր եմ գնահատում պարոն նախագահի որոշումը իմ հրավերը չմերժելու հարցում:
Թուրքիայի նախագահն իր այցը հաստատել էր խաղից 3 օր առաջ: Երևան նա ժամանեց մեծ պատվիրակությամբ, իսկ այցը տևեց 6-7 ժամ:
Էդուարդ Քալանթարյան - Ես շատ լավ հիշում եմ երևանյան խաղը, հսկայական ճնշում էր հանրության կողմից հավաքականի վրա, ու տղաները չկարողացան դուրս գալ ճնշման տակից, դաշտում գրեթե դիմադրություն չկար:
Լևոն Պաչաջյանը, որը 2008-ին մասնակցել է Թուրքիայի ընտրանու դեմ հանդիպմանը, հաստատում է՝ ճնշումը բավական մեծ էր:
Թուրքիան երկու անպատասխան գնդակ էր ուղարկել Հայաստանի ընտրանու դարպասը։ Իսկ Գյուլի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն ընդունել էր պատասխան խաղին ներկա լինելու հրավերը:
Նելլի Մինասյան - Սերժ Սարգսյանը անգամ մի այսպիսի դիտարկում էր արել, որ կգնա խաղը դիտելու կամ բաց սահմանով, կամ սահմանը բացելու նախօրյակին:
Մինչև հաջորդ հանդիպումը՝ 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները:
Մի քանի օր անց՝ հոկտեմբերի 14-ին, Թուրքիայում տեղի ունեցավ երկրորդ հանդիպումը, որտեղ ևս Հայաստանի հավաքականը պարտություն կրեց: Չվերաբացվեց նաև սահմանը, իսկ առանց նախապայմանի ստորագրված արձանագրություններն այդպես էլ մնացին թղթի վրա:
Նելլի Մինասյան - Թուրքիայում անգամ դա խորհրդարանում քննարկման նյութ էլ չդարձավ, մեզ մոտ փաստաթուղթը հասավ խորհրդարան, բայց չքննարկվեց: Արդեն 2015-ին փաստաթուղթը հետ կանչվեց:
Այսօր՝ վերջին ֆուտբոլային հանդիպումից 14 տարի անց, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարգավորված չեն, և հարցը շարունակում է մնալ օրակարգում:
Նելլի Մինասյան - Մինչև այսօր էլ չկա հաստատված տեղեկություն՝ Թուրքիան որևէ մակարդակով կմասնակցի՞ խաղի դիտմանը, թե՞ չի մասնակցի:
Շատ հարցերի պատասխաններ պարզ կդառնան առաջիկա շաբաթվա ընթացքում:
Ի դեպ, 2008 թ. Հայաստան-Թուրքիա հանդիպումից մի քանի օր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր տարբերանշանը փոխել էր. հեռացվել Արարատ լեռը: Հայ ֆուտբոլիստներն էլ ոչ թե տնային՝ կարմիր մարզաշապիկով էին, այլ սպիտակով, քանի որ թուրք ֆուտբոլիստներն էին կարմիր մարզաշապիկով լինելու: Այս անգամ ֆեդերացիան հայտնում է՝ նմանատիպ որևէ զիջում չկա: Մեր ֆուտբոլիստները կլինեն դաշտում այս կարմիր մարզաշապիկով, Արարատն էլ կլինի իր տեղում: Մարզական հավաքը սկսվել է մարտի 18-ից:
Էդգար Մանուկյան - Մարզիչը պրոֆեսիոնալ է, լավ գիտակցում է իր կատարած ընտրությունը և գիտակցում է կարևորությունը:
Նոր ընտրական փուլին Հայաստանի հավաքականը ներկայանալու է նոր գլխավոր մարզչի՝ ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ։ Վերջինս ֆուտբոլիստներին դաշտում դեռ չի տեսել: Ընթացիկ շաբաթը լարված է լինելու:
Էդուարդ Քալանթարյան - Մենք ունենք նորեկներ, մենք գիտենք, որ ընդունակ ֆուտբոլիստներ են, ձախ եզրում երկար տարիներ խնդիրներ ունեինք, ու կարող է լավ փակել դա, բայց կարող է, դեռ չգիտենք, և ունենք նոր գլխավոր մարզիչ, որ այդ ամենը պիտի հասկանա, բայց մի քանի մարզումը քիչ է, դա ժամանակի ընթացքում է: Ընտրարշավի վերջում նոր կարող ենք ստանալ այդ արդյունքը:
Հայկական ակումբները մինչև Հայաստան-Թուրքիա խաղ հանրապետական ստադիոնում խաղեր չէին անցկացնում՝ հանդիպմանն ընդառաջ այնտեղ վերանորոգման աշխատանքներ են:
Էդգար Մանուկյան - Այս պահին անձնակազմն ամեն ինչ անում է, որ մարզադաշտը լինի բարվոք վիճակում մինչև մարտի 25-ը:
Ինչ վերաբերում է տոմսերին՝ ֆեդերացիան թվեր է ներկայացնում: Թուրքիայի երկրպագուների համար նախատեսված տոմսերը նույնպես վաճառվել են հայ երկրպագուներին: 14.000-ից վաճառքում եղել է 12.850 տոմս:
Մնացած տոմսերից 120-ը VIP տոմսեր են՝ նախատեսված են ՀՖՖ-ի, ՈՒԵՖԱ-ի և հյուր թիմի պատվիրակության ներկայացուցիչների համար: Մյուս 1000 տոմսն էլ ՀՖՖ-ն պարտավորություն ունի տրամադրել հովանավորներին, գործընկերներին, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին, ակումբներին, հասարակական կազմակերպություններին: Տոմսարկղում հանդիպման տոմսերը չհասցրեցին վաճառվել՝ շատ արագ սպառվելու պատճառով: Թեպետ սև շուկան վերահսկելն իրենց գործառույթը չէ, բայց ֆեդերացիայի ներկայացուցչի խոսքով՝ նման դեպքերի մասին տեղեկություն չունեն:
Ֆեդերացիայից վստահեցնում են՝ շաբաթ օրը ֆուտբոլիստները կանեն առավելագույնը դաշտում: Պատասխան խաղը Թուրքիայում լինելու է մոտ 6 ամիս անց՝ սեպտեմբերի 8-ին:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան