Ռուսաստանի ՀՆԱ-ն նախորդ տարի նվազել է 2,1 տոկոսով. բազմաթիվ պատժամիջոցների ֆոնին արձանագրված այս ցուցանիշը ոչ միայն տարբեր փորձագիտական, այլև անգամ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության և Ռուսաստանի Բանկի կանխատեսումներից ավելի բարենպաստ է եղել:
Նարեկ Կարապետյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Առևտրի ծավալները ՌԴ-ում կրճատվել են մոտ 13 տոկոսով, մանրածախ առևտուրը մոտ 10 տոկոսով: Մանրածախ առևտուրն ըստ էության ուղիղ կորելացված է սպառման հետ, այսինքն՝ բնակչության սպառումը շուրջ 10 տոկոսով նվազել է:
Ըստ Կարապետյանի՝ նման նվազման պարագայում ՀՆԱ-ի ընդամենը 2 տոկոս կրճատումը մի քանի բաղադրիչով է պայմանավորված:
Նախորդ տարի էներգակիրների բարձր գներով պայմանավորված՝ Ռուսաստանի արտահանումը լավ տեմպ է ունեցել, իսկ ներմուծումը, պատժամիջոցներով պայմանավորված, զգալիորեն նվազել է, արդյունքում առևտրային 280 մլրդ դոլարի հավելուրդ է առաջացել, որն ազդել է ՀՆԱ-ի ցուցանիշի վրա: Սրան զուգահեռ՝ 30 տոկոսով աճել են Ռուսաստանի պետբյուջեի ծախսերը, և նախորդ տարի բյուջեն դեֆիցիտային է եղել: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը կարողացել է նավթի այլ գնորդներ գտնել ասիական շուկայում, սակայն ըստ փորձագետի՝ ավելի մատչելի գնով:
Նարեկ Կարապետյան - Էն պատժամիջոցները, որոնք Ռուսաստանը, Ռուսաստանի տնտեսությունը ստացել են, դրանց զգալի մասը տեղափոխվել են 2023 թ. և 2023-ին են նյութականանալու: Նախ՝ էդ պատժամիջոցների էֆեկտը դանդաղ գործող է և անմիջապես չի դրսևորվել, երկրորդ՝ Ռուսաստանն ուներ որոշակի կայունության պաշար՝ հետաձգելու այդ ազդեցությունները: Այսինքն՝ գոնե մեկ տարի դիմանալու, նույն օրինակ՝ պետական բյուջեի առումով և այլն, Ռուսաստանը մեծ սուվերեն ֆոնդեր ունի, որոնք կարող է օգտագործել, բայց դրանք անվերջ չեն:
Օրեր առաջ Եվրամիությունը պատժամիջոցների 10-րդ փաթեթն ընդունեց Ռուսաստանի դեմ, որը տարածվում է ռուսական մի շարք խոշոր ֆինանսական կազմակերպություների վրա: Բացի դրանից՝ արգելվեց մի շարք ապրանքների ներկրումը Ռուսաստան: «Մուդիս» վարկանիշային գործակալությունն ավելի մեծ՝ 3 տոկոս անկում է կանխատեսում:
Ըստ գործակալության վերլուծաբանների՝ Ռուսաստանի տնտեսության համար ամենամեծ ռիսկերից մեկը կառավարության անսովոր ֆինանսական քաղաքականությունն է:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ երկրների և Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը՝ փորձագետի կարծիքով՝ իրավիճակը անկանխատեսելի է: դարձել:
Նարեկ Կարապետյան - Եթե Ռուսաստանը նվազում էր, մենք ևս նվազում էինք, Ռուսաստանը աճում էր, դա լրացուցիչ ազդակ էր տալիս մեզ՝ ավելի արագ աճելու: Անցյալ տարի ստացվեց այնպես, որ Ռուսաստանի տնտեսական անկումը մեզ համար դրական իմպուլս հանդիսացավ:
«Մուդիս»-ը կանխատեսում է, որ Ռուսաստանի ՀՆԱ-ն 2024 թվականից կսկսի աճ գրանցել՝ մոտ 1 տոկոսի շրջանակում:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան