Նախկին կնոջ նկատմամբ բռնության հետքերը դեռ թարմ են, իրավապահները տեղում են պարզում հանգամանքները:
Նախկին ամուսինը իր մեքենայով փակել էր տաքսու ճանապարհը, դուրս բերել կնոջը, վիճաբանություն հրահրել, ինչից հետո օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել կնոջ ուղղությամբ, իսկ հետո նաև՝ իր պարանոցին։
Բռնության նման դեպքերի հանգամանքները հաճախ տարբեր են, վարքագիծը՝ գրեթե միշտ նույնը. իրավապաշտպանների գնահատականն է:
Զարուհի Հովհաննիսյան (իրավապաշտպան) - Ցավոք, կանայք նույնիսկ ամուսնալուծությունից հետո չեն ձերբազատվում բռնարար հարաբերություններից, ու ոչ մի գործիքակազմ չկա կնոջը պաշտպանելու համար, բացի ոստիկանության այն գործողություններից, որոնք ժամանակավոր կարող են վերահսկել բռնարարի վարքը:
Դեպքից հետո նախկին ամուսինները տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Բուժհաստատությունից մեզ հայտնեցին, որ 2-ն էլ վերակնեդանացման բաժանմունքում են, հավելյալ տեղեկություն տրամադրել չեն կարող, իսկ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ իրավիճակով պայմանավորված՝ անհրաժեշտ որոշ քննչական գործողություններ այս պահին հնարավոր չեն։
Զարուհի Հովհաննիսյան - Փաստացի ունենք իրավիճակ, երբ ամուսինները անգամ ամուսնալուծությունից հետո սեփականատիրական զգացումից չեն ձերբազատվում ու մտածում են, որ պետք է վերահսկել ու տնօրինել նրա քայլերը, ու, փաստացի, հանրային վայրում ոչինչ տղամարդուն չի խանգարել տղամարդուն նախ՝ բռնություն գործադրել ու գործածել զենք, ու դրա գործածումը, ցավոք, ավելանում է մեր շահառուների շրջանում: 2020-ից հետո մենք արդեն ունեցել ենք կնասպանության դեպք նռնակի օգտագործմամբ:
«Արդյոք ձեր ամուսինը զենք ունի՞»,- կանանց աջակցման կենտրոնի շահառուները վերջին շրջանում առավել հաճախ դրական պատասխան են տալիս, ինչը իրավապաշտպանի դիտարկմամբ՝ կնոջ նկատմամբ հոգեբանական ճնշման դասական օրինակ է:
Հովհաննիսյանի համոզմամբ՝ շատ կանայք օբյեկտիվ մտավախություն ունեն, որ այդ զենքը ցանկացած պահի կարող է իրենց դեմ օգտագործվել: Կանանց նկատմամբ բռնության չնվազող վիճակագրությունը, մասնագետների համոզմամբ, 2 հիմնական պատճառ ունի. կանանց սեփական իրավունքների մասին ցածր իրազեկվածություն և բռնարարների մոտ անպատժելիության զգացողություն:
Զարուհի Հովհաննիսյան - Շատ կանայք չգիտեն, որ կան աջակցման կենտրոններ, չգիտեն, որ պետք է զանգեն ոստիկանություն, կանխարգելման գործիքներ օգտագործեն ոստիկանները, ու ամենակարևորը՝ ընտանեկան բռնությունը որպես երևույթ քրեական հետապնդման առարկա դառնա, որովհետև եթե տղամարդը անհանգստացնում է տասնյակ անգամներ, ազդարարման որոշակի քանակից հետո պետք է անցնի քրեական հետապնդման, որովհետև մեր միակ գործիքն այն է, որ ոստիկանը մուտք է գործում բնակարան ու տալիս է անհետաձգելի միջամտության որոշում, որը դատարանում կարող է բեկանվել: Դա բավարար չէ, որ տղամարդը զգա, որ պետությունը կանգնած է կնոջ կողքին:
Եվ քանի դեռ բռնւթյան դեպքերի կանխման գործիքները թերի են, թվերը նմազման միտում չեն ունենա՝ ասում են իրավապաշտպանները, որպես փաստ ներկայացնում չոր վիճակագրությունը. 2022 թվականին Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 333 դեպք՝ 220-ի դեպքում բռնության զոհ է դարձել կինը: Հատկանշական է, որ հակառակ ցուցանիշն էլ կա. 4 դեպքում ահազանգողը տղամարդիկ են եղել: