Մինչև 6 տարեկան երեխաների ընդհանուր պատվաստման առումով Հայաստանի ցուցանիշը գերազանցում է ԱՀԿ սահմանած շեմը: Ոլորտի պատասխանատուները սա գոհունակությամբ են ընդգծում և պարզաբանում, թե ինչ չափումներով է դա որոշվում, կամ տրվում այդպիսի գնահատական:
Սվետլանա Գրիգորյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ) - Մեկը պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշերն են, մյուսը՝ պատվաստումներով կանխարգելվող հիվանդությունների առումով համաճարակային իրավիճակը:
Մինչև 6 տարեկանների ամբողջական պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշն առնվազն 90 տոկոս պետք է լինի: Հայաստանում մինչև 2 տարեկանների ընդգրկվածության հանրապետական միջինը 2022 թվականին կազմել է 91 տոկոս, 6 տարեկաններինը՝ մոտ 93 տոկոս: 6-ից բարձր տարիքի դեպքում ամբողջական ընդգրկվածության միջազգային ցուցանիշ չի սահմանվում:
Հայաստանում վերջին անգամ, օրինակ, պոլիոմելիտի դեպք գրանցվել է 1995-ին: Իսկ արդեն 2002 թվականին Հայաստանը, ի թիվս եվրոպական տարածաշրջանի այլ երկրների, համարվեց պոլիոմելիտից ազատ երկիր: Կարմրուկի, կարմրախտի վերջին տեղական դեպքերը գրանցվել են 2007 թվականին: Դրանից հետո միայն եզակի՝ բերովի դեպքեր են եղել, որոնք տարածում չեն ստացել:
Բավական բարձր ընդգրկվածություն կա դեռահասների և զորակոչային տարիքի տղաների շրջանում՝ 95-96 տոկոս: Երևանի պոլիկլինկաներից մեկի իմունոլոգ-վարակաբանն ասում է՝ օրական 20-30 պատվաստում են անում, կորոնավիրուսի ժամանակ թիվը մոտ 10 անգամ ավելի էր:
Անահիտ Սարուխանյան (թիվ 8 պոլիկլինիկայի իմունոլոգ-վարակաբան) - Մեծահասակները մի քիչ դժվար են գալիս, բայց աշխատում ենք իրենց հետ: Որոշ չափով մի քիչ ակտիվացել է այդ տարիքային կազմը, զրուցում ենք, վերլուծում ենք, սակայն կատեգորիա կա, որոնք կատեգորիկ հրաժարվում են գալու, դրա համար էլ մի քիչ ցածր է այդ տոկոսը:
Մեծահասակների դեպքում պլանային պատվաստումների ցուցանիշը մինչև 20 տոկոսի սահմաններում է:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետը դա բացատրում է երեխաների շրջանում ունեցած լավ արդյունքով, երբ համաճարակային իրավիճակը կայուն է, վարակիչ հիվանդությունները նահանջել են, ու մեծահասակները պատվաստվելու անհրաժեշտություն չեն զգում: Սա, ըստ Սվետլանա Գրիգորյանի, իմունականխարգելման ծրագրի առանձնահատկություններից է:
Իմունականխարգելման ազգային ծրագրի հաջողությունների ցուցիչ է նաև քովիդի համավարակի ընթացքում մյուս պատվաստումների ցուցանիշները պահպանելն ու բարելավելը:
Այդ ընթացքում պլանային պատվաստումները չէին դադարեցվել:
Հեղինակ՝ Աննա Զախարյան