Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, բորբոսասնկերի ու խմորասնկերի անթույլատրելի բարձր քանակ: Լրատվամիջոցներից մեկը տասը տեղական ընկերությունների արտադրած կաթնաշոռ հանձնել էր լաբորատոր փորձաքննության, պարզել, որ 10 նմուշից միայն 2-ն են համապատասխանել սահմանված նորմերին: Հանրության շրջանում տեղեկությունը, իհարկե, վրդովմունք է առաջացրել: Զայրույթ կա նաև, թե ինչու խնդիրը հայտնաբերում է լրատվամիջոցը, ոչ թե համապատասխան պետական մարմինը:
Անուշ Հարությունյան (Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ) - Նախ` մենք կաշկանդված ենք և ունենք միայն օրենքով նախատեսված գործողություններ, որ պարտավոր ենք անել և անում ենք:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնյան մանրամասնում է՝ օրենքով ՍԱՏՄ-ն վերահսկողություն իրականացնում է՝ ըստ նախապես կազմված տարեկան ստուգումների ծրագրի: Մոտ 1000 տնտեսվարողներն ընտրվում են վերլուծությունների, ռիսկը գնահատելու արդյունքում: Տարեկան ծրագրից դուրս տեսչական մարմինը ստուգումների իրավունք ունի միայն բողոքի հիման վրա:
Անուշ Հարությունյան - Ինչ-որ պահի ցանկացած քաղաքացի, ցանկացած կազմակերպություն, լրատվամիջոց կամայական կարող է որոշել, որ ինքը ուզում է խանութից գնել այս բաները ու տանել ստուգել: Նա դա կարող է անել, դա նրա իրավունքն է, և իր ունեցած արդյունքներն արդեն մենք կգրանցենք որպես բողոք:
Աղմկահարույց հրապարակումն էլ ՍԱՏՄ-ն գրանցել է որպես բողոք: Բոլոր այն ընկերություններում, որոնց արտադրանքում հայտնաբերվել են խախտումներ, ստուգումներ կանցկացվեն:
Անուշ Հարությունյանը նշում է՝ ընկերություններից երկուսում այս պահին էլ ստուգումներ են, որովհետև դրանք ընդգրկված են տարեկան ծրագրում: Նախկինում այստեղ խախտումներ էին հայտնաբերել, կասեցվել էր արտադրական գործունեությունը, կիրառվել վարչական պատասխանատվություն: Թերությունները վերացնելուց հետո արտադրամասերը շարունակել են աշխատանքը: Բայց արդեն ռիսկայինների շարքում են ու հիմա կրկնակի ստուգման են ենթարկվում: Արտադրման շղթայում խախտումներ չլինելու դեպքում ՍԱՏՄ ուշադրության կենտրոնում կհայտնվի սպառման շղթան:
Կաթնաշոռերում խախտումների մասին հրապարակմանը արձագանքել էին ընկերություններից մի քանիսը: Վստահեցրել, որ գործարանից դուրս է գալիս չափանիշներին համապատասխանող արտադրանք՝ նշելով, որ խնդիրները կարող էին առաջանալ տեղափոխման ու պահպանման շղթայում:
Անուշ Հարությունյան - Այդպես էլ է հնարավոր, որ լինի, որովհետև ապրանքը վերցվել է իրացման ցանցից, ես նորից պիտի կրկնեմ. իրացման ցանցում էլ կարող են պահման պայմանները նորմալ չլինել: Օրինակ՝ խմորասնկերը, բորբոսասնկերը, որոնք մի քանի տեղ նշված էին, գրեթե բոլոր խախտումների մեջ կային: Դրանք կարող են առաջանալ նաև տեղափոխման և իրացման ցանցում, իսկ աղիքային ցուպիկի մանրէները, իհարկե, արդեն արտադրության խնդիր են, և դրանք անպայման արտադրություններում կստուգվեն: Իհարկե կստուգվեն նաև խմորասնկերը, բորբոսասնկերը:
ԱՂԻՔԱՅԻՆ ՑՈՒՊԻԿԻ, ԲՈՐԲՈՍԱՍՆԿԵՐԻ, ԽՄՈՐԱՍՆԿԵՐԻ ՎՏԱՆԳՆԵՐԸ
Իսկ առողջության համար ինչ վտանգ են ներկայացնում աղիքային ցուպիկի մանրէները, բորբոսասնկերն ու խմորասնկերը:
Արմեն Մկրտչյան (Երևանի պետական բժշկական համալսարանի հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ) - Իրականում կաթնամթերքը, և կաթնաշոռը՝ առանձնապես, համարվում է արագ փչացող մթերք և պահանջում է հատուկ պահպանման պայմաններ: Մի լավ արտահայություն կա՝ արտադրողից մինչև իմ ափսեի մեջ հայտնվելը ես պետք է մշտական վերակսկողություն ունենամ այդ արտադրանքի նկատմամբ:
Բժշկական համալսարանի դոցենտի տվյալով՝ աշխարհում ամեն տարի սննդային թունավորման 600 միլիոնից ավելի դեպք է լինում: Բավական մեծ տոկոս են կազմում կաթնամթերքի հետևանքով առաջացածները:
Արմեն Մկրտչյան - Աղիքային ցուպիկ կաթնամթերքի բոլոր հիգիենիկ ստանդարտներով չպետք է պարունակվի: Եվ եթե դա պարունակվում է, արդեն աղիքային ինֆեկցիայի վտանգի մասին է խոսում: Սպառողը չպետք է ստանա աղիքային ցուպիկ պարունակող որևէ մթերք, այդ թվում նաև մթերք, որը ջերմային մշակման չի ենթարկվում՝ կաթնաշոռ:
Ինչ վերաբերում է խմորասնկերին ու բորբոսասնկերին, Արմեն Մկրտչյանը նշում է. «Օրինակ՝ ալերգիկ ասթմայի առաջացման գործոնների մեջ՝ տնային գործոնների մեջ, շատ հաճախ նշում են բորբոսասնկերը: Ընդհանրապես ցանկացած բան, որը սահմանափակվում է, կանոնակարգվում է, թույլատրվածից ավելին վտանգավոր է»:
Նորմերից այսպիսի շեղումներով արտադրանքի պարբերաբար օգտագործումը, ըստ մասնագետի, բազմաթիվ խնդիրներ կարող է առաջացնել հատկապես երեխաների շրջանում, որոնք դեռ չունեն ձևավորված պաշտպանական համակարգ: Կարող է խանգարվել, քայքայվել աղիքային միկրոֆլորան, թուլանալ կամ ոչնչանալ ընդհանուր դիմադրողականությունը:
Հեղինակ` Աննա Զախարյան