Մոտ 1,5 տարի պաշտոնավարելուց հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ խորհրդակցությանը Սարգսյանն ասել է, որ իր համար մեծ պատիվ էր լինել Երևանի քաղաքապետ, և շարունակելու է աջակցել մայրաքաղաքի խնդիրների լուծմանը։
ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԻՄ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԾԱՌԱՅԵԼ ՀՀ-ԻՆ. ՍԱՐԳՍՅԱՆ
Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետ) - Հիմա, երբ ավագանու ընտրությունները բավականին մոտ են, իսկ քաղաքապետարանի և Կառավարության միջև համագործակցությունը բավականին լավ է, խոչընդոտ չունենք, ուզում եմ հայտնել իմ հրաժարականը՝ հայտնելով, որ լինելու եմ թիմի հետ, աշխատելու պետության կայացման, զարգացման ուղղությամբ:
Հրաչյա Սարգսյանը քաղաքապետ էր ընտրվել 2021-ի դեկտեմբերի 22-ին` ավագանու արտահերթ նիստում։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը։
Հրաչյա Սարգսյան - Պատրաստ եմ իմ գիտելիքով, հմտություններով, կարողություններով ծառայել ՀՀ-ին: Շնորհակալություն բոլորին, շնորհակալություն կատարված աշխատանքի համար։ Ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ովքեր գուցե նեղացած են ինձանից, բայց անձնական տիրույթում ես ոչ մեկից նեղացած չեմ, ոչ էլ տրամադրված եմ ինչ-որ մեկի դեմ, այլ պարզապես ուզում էի, որ թիմային աշխատանքով առաջ գնայինք, և միգուցե այդ աշխատանքի ընթացքում եղել են տարբեր ընկալումներ աշխատանքի, ձևի և բովանդակության։ 24 ժամ հասանելի եմ բոլորիդ համար և ցանկացած պահի պատրաստ եմ աջակցելու որևէ խնդրի լուծմանը Երևան քաղաքում:
Սարգսյանը նշել է, որ Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա հույս է հայտնել, որ քաղաքական ուժը կստանա երևանցու վստահության քվեն, և հնարավորություն կլինի շարունակել 2018-ին սկսած համայնքի գերակա ծրագրերը:
ՎՍՏԱՀ ԵՄ՝ ՁԵՐ ԴՐԱԾ ՔԱՐԵՐՆ ԱՄՈՒՐ ԵՆ. ԱՎԻՆՅԱՆ
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Հրաչյա Սարգսյանին:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Մենք միմյանց հետ աշխատել ենք 2018 թվականից սկսած, և Դուք այն քիչ անձանցից եք եղել, ում հետ շատ խնդիրների վերաբերյալ համակարգային լուծումների ընդհանրական պատկերացումներ ենք ունեցել: Մենք բոլորս մեր ուրույն ձևով ենք սիրում քաղաքն ու պատկերացնում քաղաքում ստեղծված խնդիրների լուծումները: Յուրաքանչյուրս մի քար ենք դնում մեր քաղաքի, մեր տան շենացման համար: Չնայած կարճ ժամանակով եք եղել Երևանի քաղաքապետ, բայց վստահ եմ՝ Ձեր դրած քարերն ամուր են, ու Դուք հիշվող քաղաքապետ եք լինելու:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԿԱՏԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼԸ
Երևանի քաղաքապետի պարտականությունները կկատարի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին օրենքով՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում՝ ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայները ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից: Սակայն օրենքը չի հստակեցնում, թե ինչ ընթացակարգ է նախատեսվում, եթե ավագանին չի ընտրում քաղաքապետ: