ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ արդարացված է համարում Հաագայի Միջազգային քրեական դատարանի որոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու մասին:
«Կարծում եմ, որ դա արդարացված է: Բայց հարցն այն է, որ դա միջազգային մակարդակով մեր կողմից ճանաչված չէ։ Բայց ես կարծում եմ, որ դա շատ ուժեղ դիրքորոշում է»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Ավելի վաղ Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Ռուսաստանի՝ Երեխաների իրավունքների հարցով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման միջազգային օրդերներ է տվել՝ նշելով, որ նրանք կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման համար։
Մոսկվայից արձագանքել են դատարանի որոշմանը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել են, որ Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը և դրանք իրավական տեսանկյունից նշանակություն չունեն Ռուսաստանի համար:
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը ներկայացվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահության քննարկմանը՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Մինչ այդ փաստաթուղթը ստորագրել է նախագահ Էրդողանը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ բանակցություններից հետո։ Նախագահության քննարկումից հետո խորհրդարանը քվեարկություն կանցկացնի փաստաթղթի վերաբերյալ:
Մարտի 17-ին Էրդողանը Նիինիստյոյի հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ, քննարկել Դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցը: Նա նաև տեղեկացրել է Հելսինկիի հայտի վավերացման գորժընթացի մեկնարկի մասին: Էրդողանը նշել է նաև, որ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով բանակցությունները Շվեդիայի հետ կշարունակվեն:
Թուրքիայի հարավարեևելյան Քահրամանմարաշ նահանգում 4,8 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել՝ հայտնել են Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից:
Նախօրեին Թուրքիայի իշխանությունները հաշվետվություն են ներկայացրել, որում գնահատվում են փետրվարի 6-ի երկրաշարժի և դրան հաջորդած շուրջ 10 հազար հետցնցումների վնասի ծավալները։ Փաստաթղթի համաձայն՝ երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 48 հազար մարդ, Թուրքիայի տնտեսությանը հասցվել է մոտ 105 մլրդ դոլարի վնաս: Կանխատեսվել է, որ վնասը կկազմի 2023 թվականի ազգային եկամտի մոտավորապես 9%-ը: