Ինչպես արդեն տեղեկացվել է, Գեղարքունիքի մարզի Ազատ գուղում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ, նույն զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի (Եղիշե Հակոբյան) նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Այս մասին Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
«Գիշերը դատարանը բավարարել է միջնորդությունը, և մեղադրյալը կալանավորվել է։
Հիշեցնեմ՝ ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ին նշված վարույթով
մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի (Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը) 4-րդ մասով։
Մինչ այս նա գտնվում էր բժշկական հաստատությունում։
Տեղեկացնեմ նաև, որ այս վարույթով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով վարչությունում»,- գրել է Աբրահամյանը:
Հունվարի 19-ին 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհի գործով մեղադրյալ է նաև բարձրաստիճան 4 զինվորական, որոնք պատասխանատու էին այդ վաշտում հակահրդեհային միջոցների ապահովման համար։