ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բարեփոխումների օրակարգից ոչ մի վայրկյան չպետք է շեղվենք՝ իհարկե, շարունակելով ավելի ու ավելի կենտրոնացած մնալ անվտանգային օրակարգի վրա:
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահական նստավայրում անդրադարձել են կառավարության 2021-2026 թվականների ծրագրին, նախագահ Խաչատուրյանը կարծիք է հայտնել, որ դրան վերաբերող հարցերը պետք է ավելի շատ հանրայանացվեն:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան - Օրինակ՝ էսօր նայում եմ ես հարավում կառուցվող հանգույցը Մեղրու, Ագարակի մասում, շատ տպավորիչ է, թե ինչ է պատրաստվում այնտեղ արվել, արդյունքում ինչպիսի տրանսպորտային հանգույց է լինելու: Սրա կարիքն էլ կա, որովհետև շատ դեպքերում մենք մտածում ենք, որ կարևորն անելն է, բայց պետք է նաև մարդկանց ներկայացնել այդ ամենը:
Վարչապետը նույնպես, կարևոր համարելով հանրության հետ շարունակ հաղորդակցվելը, նշել է՝ դա ռազմավարական որոշում է:
Նիկոլ Փաշինյան - Ինչ-որ մի ժամանակ ես արձանագրեցի, որ շատ պրոցեսներ կան, որոնց նպատակը հենց այդ հաղորդակցությունը թույլ չտալն է... Այդ պրոբլեմը, այդ դիլեման, իմիջիայլոց, ուզում եմ ասել, որ նաև երկար ժամանակ հետապնդել է, այդ թվում՝ ինձ, մինչև 2020 թվականի պատերազմը: Որովհետև այն իրականությունը, որ 2018 թվականի դրությամբ մենք ունեցել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում, այդ բովանդակությունը, որն ունեցել ենք, ընդհանրապես որևէ ընդհանուր հաղորդակցություն չի ունեցել հանրային ընկալումների հետ, այն ընկալումների հետ, որոնք մենք ունեցել ենք Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի և բովանդակության հետ կապված: Ըստ էության, այո՛, դա ռազմավարական որոշում է, որ մենք պետք է հանրության հետ հաղորդակցվենք:
Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ արձանագրել է, որ մի շարք ոլորտներում հաջողվել է կարևոր ձեռքբերումներ գրանցել: Առանձնացնելով առողջապահական ոլորտը՝ վարչապետը հիշեցրել է, որ 2017 թվականի համեմատ՝ 2022 թվականի արդյունքներով պետպատվերով առողջապահական ծառայությունների ծավալը կրկնապատիկից ավելի է:
Նիկոլ Փաշինյան - Այսինքն՝ կրկնապատիկից ավելի աճ է ունեցել: Դա մեր քաղաքացիների առողջության հարցն է, ամենատարբեր դեպքերում, առիթներում: Աստված բոլորին առողջություն տա, բայց, իհարկե, Կառավարությունն էլ Աստծուն պետք է այդ հարցում օգնի, որպեսզի առողջապահական հարցերը լուծվեն:
Փաշինյանը շեշտել է նաև հայկական ավիաընկերությունների զարգացման կարևորությունը:
Նիկոլ Փաշինյան - 2022 թվականի ընթացքում հայկական ավիաընկերությունները 900 000-ից ավելի ուղևորի փոխադրում են իրականացրել: Սա շատ կարևոր է, որովհետև մեր քաղաքական հանձնառությունն է եղել նաև, որ մենք պետք է հայաստանյան ավիաընկերություններ ունենանք, և, ըստ էության, շուկայի շուրջ 25 տոկոսը հենց հայկական ավիաընկերություններն են:
Վարչապետը դա կարևորել է նաև հայրենադարձության իմաստով, որովհետև 2022 թվականի ընթացքում ավիացիայի ոլորտում շուրջ 200 աշխատատեղ է ստեղծվել: Վահագն Խաչատուրյանն էլ մի թվի մասին է խոսել, որն ըստ նրա՝ մեծ ձեռքբերում է:
Վահագն Խաչատուրյան - Գործազրկության խնդիրն է: Միշտ մեզ մոտ, տարիներ շարունակ եղել է 25-30 տոկոս: Այսպես է լինում՝ պաշտոնական վիճակագրություն և ուսումնասիրություն: Պաշտոնական վիճակագրությունը, ըստ «Զբաղվածության մասին» օրենքի, լինում էր մինչև 10 տոկոս, իսկ իրական գործազրկությունը՝ 25-30 տոկոս: Եվ մեր բոլոր միջազգային համեմատությունների մեջ դա ամենաբացասականն էր: Հիմա դարձել է 11,5 տոկոս:
Ամփոփելով՝ վարչապետը նշել է՝ արտաքին անվտանգության և խաղաղության ապահովումը բացարձակ առաջնահերթություն է:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան