Չորս տարի չգործելուց հետո մեղրեցի մանուկների առաջ դռները բացեց քաղաքի միակ մանկապարտեզը: 250 երեխայի համար նախատեսված կրթարանը հիմա գերհագեցած է՝ ժամանակակից գույքով ու տեխնիկայով՝ մանկապարտեզում հիմա հնից ոչինչ չի մնացել:
Նախակրթարանի բացման արարողությանը ներկա էր վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Վարչապետի տիկինը, մարզպետի ու համայնքապետի ուղեկցությամբ, շրջել է նորաբաց մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին:
Էկոլոգիայի սենյակ, հոգեբան-լոգոպեդի ծառայություններ. այս ամենից Մեղրիի մանկապարտեզի երեխաները կառույցի գործունեության ամբողջ ընթացքում զրկված են եղել:
Սյուզան Սարգսյան (Մեղրի համայնքի մանկապարտեզի տնօրեն) - Չենք ունեցել սպորտդահլիճ, որն այժմ կա, և, առհասարակ, սանիտարահիգիենիկ բոլոր պայմանները, որ նախկինում ունեինք, անբարվոք էին: Այստեղ աշխատում էր 8 խումբ, կար պահանջարկը, բայց չէինք կարողանում, գերհագեցած խմբերով էինք աշխատում:
8-ի փոխարեն հիմա մինչև 11 խումբ կարող է գործել: Մանկապարտեզը մեկ օր է՝ բաց է, բայց արդեն 210-ից ավելի երեխա հերթագրված է: Նախատեսում են նաև վաղ տարիքային խումբ բացել: Չորս տարի Մեղրիի բնակիչներից շատերը չէին կարողանում երեխաներին մանկապարտեզ տանել, ում էլ հաջողվում էր՝ ապա դժվար ճանապարհ անցնելու արդյունքում:
Սյուզան Սարգսյան - Ավագանու որոշմամբ նախկին պոլիկլինիկայի շենքը տրամադրվել էր մանկապարտեզին, բայց միայն ավագ խմբերի՝ նախապատրաստական խմբերի համար, որն էլի չէր կարողանում համայնքի ամբողջ բնակչության կարիքները ապահովել: Մենք սաներին տեղավորեցինք նոր մասնաճյուղերում՝ Լևազում և Վարդանի ձոր գյուղերում տեղակայված մանկապարտեզներում:
Մեղրիի այս մանկապարտեզը վերջին անգամ մասնակի նորոգվել էր 2001 թվականին: Անմխիթար էր բոլոր առումներով՝ շենքային պայմաններ, գույք: Համայնքն ու մանկապարտեզի տնօրինությունը բազմիցս բարձրացրել էին հարցը, որը, սակայն, լսելի դարձավ 2018-ին, երբ վարչապետը այցելեց հարավային դարպաս՝ Մեղրի: Որոշվեց, որ մանկապարտեզը պետք է հիմնանորոգվի: 2019-ի սեպտեմբերից շենքը հանձնվեց նորոգման, բայց աշխատանքները չընթացան այն տեմպով, որով սպասում էին Մեղրիում ու Կառավարությունում:
Բագրատ Զաքարյան (Մեղրի համայնքի ղեկավար) - Խնդիրները բազմաթիվ են եղել՝ սկսած նախագծային աշխատանքներից: Մի քանի անգամ նախագիծը փոխվել է, իսկ շինաշխատանքների կատարման ժամանակ եղել են բազմաթիվ թերություններ: Շինարարական հիմնական՝ վերանորոգման աշխատանքները, ներսի ներքին հարդարման աշխատանքները ավելի լայն թափ են ստացել վերջին 4,5-5 ամիսների ընթացքում, ու ավարտին հասցրեցինք:
Մանկապարտեզի հիմնանորոգման համար ավելի քան 323 մլն դրամ էր անհրաժեշտ: Սա պայմանագրային արժեքն է: Մարզպետարանը ևս մեկ հաշվարկ կանի և կներկայացնի, թե վերջնարդյունքում որքան արժեցավ մանկապարտեզի նորոգումը: Ֆինանսավորումը պետական ու բարեգործական է՝ գումարի 65 տոկոսը Կառավարությունն է հատկացրել, 35 տոկոսը՝ «Իմ քայլը» հիմնադրամը: Մրցույթում հաղթած կապալառու ընկերությունը՝ «Վարդիոն» ՍՊԸ-ն, աշխատանքները պատվիրակել էր ենթակապալառու ընկերության՝ «Բեսթ-Ռոուդ» ՍՊԸ-ին, որը վերցրել էր գումարը, բայց աշխատանքը չէր կատարել: Այս հարցը նախորդ տարի նաև Կառավարության նիստում քննարկվեց:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Դեռևս 2018 թ. ես Մեղրի քաղաքում խոստացել եմ Մեղրիի մանկապարտեզի շինարարություն, որը շահագործման կհանձնվի: Դրանից հետո «Իմ քայլը» հիմնադրամը միջոցներ է հատկացրել՝ որպես համաֆինանսավորող, բայց ինձ համար շատ տհաճ անակնկալ է արձանագրել, որ մինչև հիմա Մեղրիի մանկապարտեզը չի գործում: Այստեղ էլի գործողություններ կան, որ պետք է անենք՝ պարզելու համար, թե ինչու ֆինանսավորման առկայության պայմաններում գործը չի արվել, ինձ լուսանկարներ են ուղարկել այնտեղից և, ըստ էության, խայտառակ պատկեր է: Բայց ես այլ բան եմ ասում, պարոն Ղուկասյան, Ձեզ և փոխվարչապետ Մաթևոսյանին հանձնարարականը տվել եմ, որ հսկողության տակ առնենք հարցը: Դա համարում եմ անձնական պատասխանատվություն ինձ համար՝ անկախ նրանից, թե ով է կապալառուն, որովհետև ծրագիրն իրականացրել է համայնքը: Ձեր առաջ դրվող խնդիրը հետևյալն է՝ օր առաջ մանկապարտեզը, մեր սկզբունքների համաձայն, պետք է շահագործման հանձնվի, և երեխաների առջև դռները բացվեն:
Մանկապարտեզը բացվեց, ենթակապալառուի չարած աշխատանքը իրականացրեց մրցույթում հաղթած կապալառու ընկերությունը: Գործն այդքանով, սակայն, չի ավարտվի՝ վստահեցրեց Սյունիքի մարզպետը:
Ռոբերտ Ղուկասյան (Սյունիքի մարզպետ) - Որքանով ես գիտեմ, ՊՎԾ-ն արդեն գործերը հանձնել է դատախազություն, և քննչական կոմիտեն արդեն իրականացնում է համապատասխան գործողությունները, և կոնկրետ էդ մանկապարտեզը կապալառուի կողմից ամբողջությամբ վերանորոգվել է շատ սեղմ ժամկետներում... Բոլոր այն մարդիկ, որ որևէ ձևով առնչություն են ունեցել այն ամենի հետ, ինչը որ տեղի է ունեցել էստեղ՝ շինարարության ընթացքում, բոլորը պետք է օրենքի առաջ պատասխան տան:
2022 թվականի հոկտեմբերին Գլխավոր դատախազությունը Հակոռուպցիոն կոմիտե է ուղարկել Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի գրությունը և կից փաստաթղթերը՝ մանկապարտեզի շինարարական աշխատանքների կատարման ուսումնասիրությամբ հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ:
ՀՀ գլխավոր դատախազություն - «Բեստ Ռոուդ» ընկերության աշխատանքների նկատմամբ որակի տեխնիկական հսկողություն իրականացնող «Գարգաս» ընկերության կողմից հաստատված կեղծ կատարողական ակտերի հիման վրա Մեղրիի համայնքապետարանը «Բեստ Ռոուդ» ընկերությանը փոխանցել է 130 մլն դրամ, սակայն կատարողական ակտերում նշված աշխատանքը փաստացի չի կատարվել, պետության օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: 2022 թվականի հոկտեմբերի 4-ին հարուցվել է քրեական վարույթ:
Սյունիքի մարզ այցի ընթացքում վարչապետի տիկինը հյուրընկալվեց նաև 44-օրյա պատերազմում զոհված հերոսների տներում: Բնունիս գյուղում առաջին հասցեն, ուր այցելեց Աննա Հակոբյանը, Էդգար Մարգարյանի տունն էր: Մայրը՝ Արսինե Սահակյանը, նախորդ տարի Երևանից Բնունիս գյուղ տեղափոխվեց՝ հյուրատուն հիմնելու բիզնես ծրագրով: Հյուրատունը դեռ կառուցում են, թեև նախորդ տարի 300-ից ավելի հյուր են ընդունել:
Բնունիսում արվեստի դպրոց բացելու համար Արսինե Սահակյանն արդեն ֆինանսավորող է գտել:
Աննա Հակոբյանը և Արսինե Սահակյանը միասին ուղևորվեցին Գևորգ Բաբաջանյանի տուն: Պայմանագրային զինծառայողը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ: Հյուրերին դիմավորում է Գևորգի մայրը՝ Լիլիթ Սողոմոնյանը: Ընտանիքի մյուս տղան՝ Հակոբը, 44-օրյա պատերազմի ընթացքում ժամկետային զինծառայող էր: Կռվից ողջ-առողջ է վերադարձել:
Բնունիսում Աննա Հակոբյանը ևս մեկ տուն այցելեց, որտեղ ապրել է 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Գասպարյանը: Գասպարյանների ընտանիքը Բնունիս է տեղափոխվել Քաշաթաղից:
Գոռը կամավոր է մեկնել առաջնագից, 44-օրյա պատերազմի ընթացքում կռվել է Ջրականում: Տան երկրորդ զավակն է: Այս տանը արդեն հավաքվեցին գյուղի 3 հերոս տղաների ծնողները, Գոռի մայրը՝ Շողիկ Գասպարյանը, ասում է՝ նման հավաքներ Բնունիսում հաճախ են լինում: