Իրանում մահապատժի են դատապարտել Շիրազի Շահ Չերաղ դամբարանում հոկտեմբերին տեղի ունեցած ահաբեկչության համար մեղադրվող երկու անձանց՝ հայտնել է IRNA գործակալությունը:
Նշվում է, որ գործով դատապարտվածներից մեկը՝ Մոհամեդ Ռաշիդին, խոստովանել է, որ զենք է փոխանցել, ինչպես նաև հրաձգությունից առաջ ուսումնասիրել է դամբարանն ու դրա շրջակայքը: Դատարանում հայտարարել են, որ երկրորդ դատապարտված Սեյեդ Նոմին մեղադրվում է ահաբեկչության հիմնական կատարողին Իրանում տեղավորելու և նախապատրաստություն իրականացնելու համար:
2022 թ. հոկտեմբերի 26-ին երեք անհայտ անձինք կրակ են բացել Շիրազ քաղաքի Շահ Չերաղ դամբարանի տարածքում: Հարձակման հետևանքով 13 մարդ զոհվել է, ևս 45 մարդ՝ վիրավորվել: Իրավապահ մարմինները ձերբակալել են հարձակման կատարմանը մասնակցած բոլոր անձանց։