ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Ֆրանսիայի իշխանություններն առանց խորհրդարանում քվեարկության ընդունել են կենսաթոշակային տարիքը մինչև 64 տարեկան բարձրացնելու մասին օրենքը: Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնի համապատասխան հայտարարությանը խորհրդարանում մի շարք պատգամավորներ բացականչություններով են արձագանքել, ոմանք վարչապետի ելույթի ընթացքում լքել են դահլիճը: Բորնը դատապարտել է պատգամավորների պահվածքը, նա ընդդիմադիր կուսակցություններին մեղադրել է «խորհրդարանում և փողոցներում քաոս տարածելու» համար։
Օրենքի ընդունումից հետո հարյուրավոր ֆրանսիացիներ հավաքվել են Փարիզի Ազգային ժողովի շենքի մոտ, պահանջել կառավարության հրաժարականը։ Ակցիան վերածվել է ոստիկանության հետ բախումների: Ուշ երեկոյան ցուցարարները բարիկադներ են կառուցել, աղբամաններ և ավտոմեքենաներ այրել: Իրավապահները ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել, 210-ից ավելի քաղաքացի է ձերբակալվել: Ցույցեր են անցել նաև Ֆրանսիայի այլ քաղաքներում:
Արհմիությունները հայտարարել են, որ մտադիր են շարունակել բողոքի ցույցերն ու գործադուլները մարտի 18-ին և 19-ին, ինչպես նաև 23-ին:
ԿԻԵՎՆ ՈՒ ՊԵԿԻՆԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՇՓՄԱՆ ՀԱՐՑՈՎ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը տեղեկացրել է, որ Կիևը բանակցում է Պեկինի հետ՝ Վոլոդիմիր Զելենսկու և Սի Ծինփինի հնարավոր շփումների հարցով։ Նա հավելել է, որ հստակ ամսաթվեր չկան:
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Սի Ծինփինը ցանկանում է առցանց բանակցություններ անցկացնել Զելենսկու հետ։ Չինաստանի ԱԳՆ-ն նախագահների հնարավոր զրույցի մասին տեղեկատվություն չի տրամադրել։
Կրեմլից էլ հայտնել են, որ Չինաստանի նախագահը Պուտինի հրավերով մարտի 20-ին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան:
ՊԵՏՔ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀԱՍՆԵՆՔ ԱԼԲԱՆԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ. ՎՈՒՉԻՉ
Սերբիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառի, միայն եթե անելանելի վիճակում հայտնվի՝ ասել է Սերբիայի նախագահը՝ մեկնաբանելով էկոնոմիկայի նախարարի հայտարարությանն այն մասին, որ երկիրը պետք է միանա հակառուսական պատժամիջոցներին։
«Մենք մեկ տարուց ավելի է՝ դիմակայել ենք ամենադժվար պայմաններում: Նախքան հրապարակային հայտարարություններ անելը նախարարը պետք կառավարության գործընկերներին ներկայացներ իր դիրքորոշումը»,- ասել է Ալեքսանդր Վուչիչը:
Սերբիայի նախագահն անդրադարձել է նաև վաղը Հյուսիսային Մակեդոնիայում Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ կայանալիք հանդիպմանը: Նա կարծիք է հայտնել, որ Կոսովոյի և Մետոխիայի հարցով բանակցությունների արդյունքում որևէ ճակատագրական փոփոխություն չի ակնկալում, սակայն կպայքարի խաղաղության համար։
«Պետք է փոխըմբռնման հասնենք ալբանացիների հետ՝ զուգահեռ պաշտպանելով սերբերի ազգային շահերը»,- հավելել է Վուչիչը:
Ավելի վաղ՝ Բորելը հայտարարել էր, որ Սերբիան և Կոսովոն աջակցություն են հայտնել «Հարաբերությունների կարգավորման մասին» Եվրամիության նախաձեռնությանը, որի համաձայն Սերբիայի և Կոսովոյի քաղաքացիները կկարողանան ազատ հատել Սերբիայի և Կոսովոյի սահմանը՝ օգտագործելով ներքին անձնագրերը և ավտոմեքենաների համարները:
Հանդիպումից հետո ԵՄ-ն հրապարակել է 11 կետից բաղկացած փաստաթուղթ, ըստ որի կողմերը պայմանավորվել են հավասարության հիման վրա բարիդրացիական հարաբերություններ զարգացնել, վեճերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Սերբիան նաև չպետք է առարկի միջազգային կազմակերպություններին Կոսովոյի անդամակցությանը: Քննարկումներից հետո Սերբիայի նախագահը պնդել է, որ դեռ լրացուցիչ խորհրդակցություններ են անհրաժեշտ, քանի որ Ալբին Կուրտին, Վուչիչի խոսքով, պատրաստ չէ փոխզիջումների: