ՆԱԵԿ ՄԶՀ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՀԱՏԿԱՑՆԻ 50 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ
Նավթ արտահանող երկրների կազմակերպության Միջազգային զարգացման հիմնադրամը հաստատել է 2023 թվականի առաջին եռամսյակի համար ավելի քան 300 միլիոն դոլարի ֆինանսավորումը: Գումարը կուղղվի Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի գործընկերների կլիմայական քաղաքականության բարելավմանը:
Հիմնադրամի տվյալով՝ Հայաստանին հատկացվել է 50 միլիոն եվրո՝ աջակցելու կլիմայի փոփոխության դիմակայունության բարձրացմանը մի շարք բարեփոխումների միջոցով:
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԵԼ ԴԱՂՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ-ԻՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստակամություն կա՝ կառուցելու Դաղստան-Ադրբեջան-Իրան ճանապարհ՝ չնայած աշխարհաքաղաքական բարդ իրադրությանը: «Բոլորը համաձայն են՝ չնայած տարածաշրջանների երկրների միջև հակասություններին, որոնք միշտ առաջանում են հարևանների միջև»,- ասել է Պուտինը, հավելել՝ մնում է հասկանալ՝ ինչ տեմպով է իրականացվելու ճանապարհի կառուցումը, և որոնք են ֆինանսավորման վերջնական աղբյուրները։
ԲԱՑՎԵԼ Է ՌԴ-ԱԴՐԲԵՋԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԳՏՆՎՈՂ «ԽԱՆՈԲԱ» ՄԱՔՍԱԿԵՏԸ
Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ տեղեկացնում են, որ շահագործման է հանձնվել Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանին գտնվող «Խանոբա» մաքսակետը։ Բացման արարողությանը մասնակցել են Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը։ Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Ադրբեջանի հետ հարաբերությունների ամրապնդմամբ: Նա հավելել է՝ Բաքվի հետ բանակցություններ են տարվում նաև երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հարցով: «Այս նախագիծը կմիավորի Ռուսաստանին, Ադրբեջանին, Իրանին և Պարսից ծոցը»,- ընդգծել է Օվերչուկը:
ԶԼՄ-ները նշում են՝ մաքսակետի գործարկումը թույլ կտա արագացնել բեռնափոխադրումները Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով և պարզեցնել երկու երկրների միջև սահմանները հատելու ընթացակարգերը:
ԱՄՆ ԱՐՁԱԳԱՆՔՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐՋԵՐՍ ԸՆԴՈՒՆԱԾ ՕՐԵՆՔԻՆ
ԱՄՆ-ին անհանգստացնում է կուսակցությունների մասին Ադրբեջանի վերջերս ընդունած օրենքը՝ Twitter-ի միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
«Իշխանություններին կոչ ենք անում հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկները և հարգել հիմնարար ազատությունները, այդ թվում՝ հավաքների իրավունքը», - գրել է Փրայսը:
ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶՐՈՒՑԵԼ ԵՆ ԱԲԴՈԼԼԱՀԻԱՆԸ ԵՎ ԲՈՐԵԼԸ
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ։
Ըստ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, Իրանի ու Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գործակցությանն առնչվող հարցեր։
Անդրադառնալով Ուկրաինայում իրանական անօդաչու սարքերի կիրառման մասին լուրերին՝ Աբդոլլահիանն ընդգծել է․ «Իրանի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն՝ Արևմուտքը պետք է Ուկրաինայից հստակ ապացույցներ պահանջի։ Իրանը միշտ խաղաղության կողմնակից է»։ Ժոզեպ Բորելն էլ նշել է, որ չնայած ռուս-ուկրաինական պատերազմում իրանական անօդաչու թռչող սարքերի առկայության մասին տեղեկություններին՝ նա բարձր է գնահատում տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Իրանի ջանքերը։
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ Է
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով Վրաստանում է։ Ջեյմս Քլևերլիի այցին ընդառաջ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Լոնդոնը 600.000 դոլար կտրամադրի Վրաստանին՝ 2024 թվականին «ազատ և արդար ընտրություններ» ապահովելու համար։
Քլևերլիին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, կողմերն ընդգծել են Վրաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության և քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։ Ղարիբաշվիլին նշել է, որ բրիտանացի պաշտոնյայի այցը Վրաստան ընդգծում է երկու երկրների հարաբերությունների դրական դինամիկան։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Վրաստանում հանդիպել է նաև Վրաստանի իր գործընկեր Իլյա Դարչիաշվիլու հետ, կոչ արել հանրապետության իշխանություններին ամրապնդել ԶԼՄ-ների ազատությունը և դատական համակարգի անկախությունը: Հանդիպումից հետո Դարչիաշվիլին հայտնել է, որ բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանի եվրաինտեգրման, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում գործակցության ամրապնդման հեռանկարը։