ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել են Ֆրանսիայի հայկական հիմնադրամի փոխնախագահ Ռեյմոնդ Կևորկյանի և «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի կրթական ծրագրերի ընդհանուր պատասխանատու Վասպուրակ Կարապետյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջում իրականացվող կրթական բարեփոխումները, գրանցած հաջողությունները, առկա խնդիրներն ու դրանց լուծումները:
Նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել համատեղ և արդյունավետ համագործակցության համար. «Ծրագիրը, որը համատեղ իրականացնում ենք, ՄԿՈՒ ոլորտում կրթության որակի բարձրացման առումով ռազմավարական նշանակություն ունի: Քոլեջում ներդրված գյուղատնտեսական նոր մասնագիտություններով պայմանավորված՝ ոչ միայն Իջևան քաղաքից, այլև հարակից գյուղերից դիմորդների թիվն ավելացել է: Նախորդ տարի արդեն համատեղ բազմաթիվ կարևոր աշխատանքներ ենք իրականացրել. հույս ունեմ, որ այս տարի նոր կարգավորումներով կլրացնենք առկա բացերը, լուծումներ կգտնենք խնդիրներին և հաջորդ ուսումնական տարում ավելի շատ ուսանողներ կունենանք»:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է միջազգային գործընկերների և մասնավոր կառույցների հետ համագործակցությունը, հատկապես Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի մասնագիտական կրթական ծրագրերի զարգացման ու արդիականացման ուղղությամբ, որը կարող է անկյունաքարային լինել երկրի տնտեսության զարգացման համար:
«Մենք շատ ուրախ ենք Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջի գրանցած հաջողությունների և զարգացման համար: Պատրաստ ենք աջակցել ամեն հարցում և հույս ունենք, որ քոլեջը կդառնա փորձի փոխանակման, մասնագիտական նոր կրթական ծրագրերի ներդրման լավագույն հարթակ, որը կնպաստի նաև մյուս քոլեջների զարգացմանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Ֆրանսիայի հայկական հիմնադրամի փոխնախագահ Ռեյմոնդ Կևորկյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համագործակցության համար՝ նշելով, որ քոլեջի համար կարևոր են հատկապես կրթական ծրագրերի հստակեցումները, գործնական ուսուցման և պրակտիկայի կազմակերպումը:
«Արդեն ունենք կրթության ոլորտում տեսանելի բարեփոխումներ և գրանցած արդյունքներ: Մենք լիահույս ենք, որ ներդրումները կնպաստեն ուսանողների ներգրավմանը: Մեզ համար շատ կարևոր է, որ քոլեջի մանկավարժական կոլեկտիվը բարեփոխումներին մասնակից է դարձել, և միասին շարժվում ենք մեկ ուղղությամբ: Մեր բոլորի նպատակը մեկն է՝ ապահովել որակյալ կրթություն»,- ասել է Ռեյմոնդ Կևորկյանը:
Վերջինս փաստել է, որ քոլեջում դասավանդում են Ֆրանսիայում վերապատրաստում անցած մասնագետներ, ուսումնական գործընթացում ներգրավված են նաև ֆրանսիացի դասախոսներ: Ուսուցումն իրականացվում է ՀՀ-ում գործող կրթական չափորոշիչներին համապատասխան, տեղայնացվել են նաև ֆրանսիական կրթական ծրագրերը, մանկավարժական մեթոդները, իրականացվել է պրակտիկայի ապահովագրություն:
Հանդիպումից հետո տեղի է ունեցել «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այս տարվա առաջին նիստը: Նիստի ընթացում հոգաբարձուների խորհուրդը «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի տնօրեն է ընտրել Հայկ Բրուտյանին, ինչպես նաև քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր: