«Ավտոներկրողներ» և «Ավտոներկրողների միություն» ընկերությունների փաստացի ղեկավար ու սեփականատեր Տիգրան Հովհաննիսյանը, իրավապահների պնդմամբ, 2020-23 թվականների ընթացքում պետությունից 1 մլն դոլարից ավելի գումար է հափշտակել՝ խաբեությամբ: Քննչական կոմիտեում նախաձեռնված վարույթով պարզվել է, որ այս ընկերությունների ԱԱՀ-ի միասնական հաշիվներին 3.8 մլրդ դրամից ավելի վերադարձի ենթակա գումար է առաջացել, քանի որ ֆիզիկական անձանց կողմից, բայց ընկերությունների անվան տակ, մեքենաներ են ներկրվել Հայաստան, ապա արտահանվել ԵԱՏՄ անդամ երկրներ: Իսկ երբ իրավաբանական անձինք արտահանում են ԵԱՏՄ երկրներ, ԱԱՀ-ն ենթակա է վերադարձման:
Բենիամին Հարությունյան (ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության պետի տեղակալ) - Հենց այդ գումարները առաջացնելը և հետագայում դրանք հափշտակելու դիտավորությունն է, որ հանգեցրել է այս ամենին: Տիգրան Հովհաննիսյանն այս պահին կարողացել է տիրանալ նշված գումարներից միայն 406 մլն դրամին, մնացածը ընկերությունների ԱԱՀ-ի միասնական հաշիվներին դեռևս առկա են:
Իրականում ո՛չ 406 մլն դրամը, ո՛չ էլ առհասարակ 3.8 մլրդը վերադարձի ենթակա չեն, քանի որ ընկերությունների անունից արտերկրից մեքենաներ են գնել ֆիզիկական անձինք՝ անհատները, ապա ձևակերպել Հովհաննիսյանի ընկերության հաշվեկշռում:
Բենիամին Հարությունյան - Տվյալ դեպքում շահավետ հանցավոր իրավիճակ է ստեղծվել թե՛ Տիգրան Հովհաննիսյանի համար, թե՛ քաղաքացիների համար, որովհետև քաղաքացիների դեպքում, երբ որ ներկրում են տրանսպորտային միջոցները, այլ հարկման բազա է առաջանում, այլ հարկման դրույքաչափերով, իսկ ԵԱՏՄ երկրներ արտահանման ժամանակ ԱԱՀ դեբետային գումարներ չեն առաջանում, հետևաբար հետվերադարձ տեղի չի ունենում:
Տիգրան Հովհաննիսյանը հանրությանը հայտնի է տարատեսակ ցույցերից, որոնցով պետությունից հիմնականում պահանջում էին արտոնություններ ավտոներկրողների համար:
Ըստ գործի տվյալների` հանցավոր սխեմայի շրջանակում Հովհաննիսյանի ընկերությունները 50-100 հազար դրամով լիազորագրեր են վաճառել ֆիզիկական անձանց:
Բենիամին Հարությունյան - Որով արդեն նրանք իրավունք են ստացել հանդես գալ ընկերության անունից և իրականացնել գործառույթը: Հիմնականում ավտոմեքենաները բերվել են ամերիկյան աճուրդից, նաև տրանսպորտային միջոցներ կան, որոնք ներկրվել են Վրաստանից:
2020-23 թվականների ընթացքում տարբեր ֆիզիկական անձինք 7452 մեքենա են ներմուծել, որից 6626-ը` «Ավտոներկրողներ», իսկ 826 մեքենան՝ «Ավտոներկրողների միություն» ընկերությունների անվամբ: 3433 մեքենա ֆիզանձինք արտահանել են ԵԱՏՄ երկրներ՝ նույն ՍՊԸ-ների անվամբ: Ըստ նախաքննական մարմնի` ընկերությունները ստեղծման օրից 50 հազարից ավելի մեքենա են ներմուծել: Վարույթի ընթացքում պարզվել է նաև, որ 2019-22 թվականներին ընկերությունները Հայաստան են ներմուծել 18.8 մլրդ դրամի մեքենաներ: Բյուջե մուտք եղած 11.2 մլրդ դրամ մաքսատուրքից, սակայն, միայն 139 միլիոնն է վճարվել ընկերության բանկային հաշիվներից:
Բացի այդ, 2018-ից ընկերությունների անվամբ ներմուծված մեքենաների գները իրական արժեքից քիչ են ցույց տրվել: 5 տարվա ընթացքում Տիգրան Հովհաննիսյանի ընկերությունները ՊԵԿ ներկայացրած շահութահարկի հաշվետվություններում արհեստական ձևավորել են 5.7 մլրդ դրամի հարկային վնաս, իբրև տարիներ շարունակ վնասով են աշխատել: Հենց դա էլ ՊԵԿ-ում կասկածներ է առաջացրել: Տիգրան Հովհաննիսյանին մարտի 9-ին առանձնապես խոշոր չափի խարդախություն անելու համար մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Մեղադրանքի վերաբերյալ փորձեցինք դիրքորոշում ճշտել նաև պաշտպանական կողմից: Փաստաբանը, սակայն, նշեց՝ նոր է ներգրավվում գործում և այս պահին զերծ կմնա մեկնաբանությունից: