59 անշարժ գույք, տրանսպորտային 4 միջոց, 30 ընկերությունում մասնաբաժին և մոտ 21 միլիարդ դրամ՝ ապօրինի եկամտի մնացորդ. ապօրինի գույքի բռնագանձման գործով դատախազության պահանջի միայն մի մասն է նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ, Հովիկ Աբրահամյանից և նրան փոխկապակցված 10 անձից: Սա Հակակոռուպցիոն դատարան ուղարկված 31-րդ հայցադիմումն է, որն ընդունվել է վարույթ:
Սիրո Ամիրխանյան (Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետ) - Ներկայացված հայցերից ամենախոշոր հայցադիմումը վերաբերում է ՀՀ նախկին Ազգային ժողովի նախագահ, ինչպես նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Նախկին վարչապետի՝ Հաղթանակի զբոսայգու հարևանությամբ տեղակայված առանձնատներից մեկը նույնպես բռնագանձման ենթակա գույքերի շարքում է, բայց ոչ` Ազգային ժողովի նմանությամբ կառուցվածը, որն արդեն մի քանի օր է` պտտվում է համացանցում:
Մինչև օրս ներկայացված ամենախոշոր հայցով Աբրահամյանից բռնագանձման ենթակա անշարժ գույքերից 15-ը Երևանում է՝ կենտրոն վարչական շրջանում, մյուսները՝ տարբեր մարզերում, մասնավորապես 25-ը՝ Արարատի մարզի տարբեր համայնքներում, 5-ը՝ Կոտայքի մարզում, 6-ը՝ Ծաղկաձորում, 1-ը՝ Ջերմուկում, 1-ը՝ Սևանում, 6-ը՝ Դիլիջանում: Բացի անշարժ գույքերից՝ Աբրահամյանից պահանջվում է նաև վերադարձնել շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքի շուկայական արժեքը՝ ավելի քան 1,6 մլրդ դրամ, ընկերություններին տրված փոխառություններից ծագող գրեթե 687,5 մլն դրամի,11,3 մլն դոլարի և 3,1 մլն եվրոյի պահանջի իրավունք:
2014 - 2016 թվականներին վարչապետի պաշտոնը զբաղեցրած Հովիկ Աբրահամյանը պաշտոնը դադարեցնելուց հետո` 2016-ի սեպտեմբերին, հայտարարագրել էր 3 բնակարան, մեկ ավտոտնակ, 160 միլիոն դրամ և 1,5 միլիոն դոլար:
Թե ինչ արժե 1995 թվականից պետական պաշտոններ զբաղեցրած Աբրահամյանի ենթադրյալ ապօրինի ծագման գույքը` դատախազությունը դեռ չգիտի, այս պահին հաշվարկված չէ նրան պատկանող անշարժ ու շարժական գույքի շուկայական արժեքը, բայց միայն դրամական միջոցների՝ դատախազության ներկայացրած ընդհանուր պահանջը հասնում է 29 մլրդ դրամի:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան