Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: 14 տարի պաշտպանության նախարարությունում ծառայած, 7 տարի ոստիկանությունում բարձր պաշտոն զբաղեցրած Հակոբյանը մեղադրվում է 2 դրվագով խոշոր չափի փողերի լվացման և հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար:
Ըստ դատախազության՝ 24 տարի լինելով պետական ծառայող՝ Հակոբյանը զբաղվել է ձեռնարկատիրական ու կոռուպցիոն գործունեությամբ, թաքցրել, խեղաթյուրել է գույքերի ու վճարված գումարների իրական բնույթը, հանցավոր ծագումը՝ դրանց հաղորդելով օրինական տեսք:
Հակոբյանը 2008-2010 թվականներին դարձել է «Ուրբանիզմ-պետրոլ» ընկերության սեփականատերը, այն իրավաբանորեն հաշվառել կնոջ և այդ պահին անչափահաս՝ 9-ամյա որդու անվամբ՝ իրավապահների մեղադրանքն է: Այս գործունեության արդյունքում ստացված գումարների իրական բնույթը և հանցավոր ծագումը թաքցնելու ու խեղաթյուրելու նպատակով՝ Հակոբյանը ձեռք է բերել 75 միլիոն դրամի անշարժ գույք Աբովյանում: 2012 թվականին 120 միլիոն դրամով անշարժ գույք է ձեռք բերել նաև Երևանի Ամիրյան, իսկ 2013 թ.՝ 204 միլիոն դրամով Հանրապետության փողոցներում: Իսկ 2014 թվականին՝ ավելի քան 144 մլն դրամով գնել է «ՕՎՍԱՍ» ընկերության 100% բաժնեմասը:
Գիտակցելով, որ նվազ օրինական եկամուտների առկայության պայմաններում իր և կնոջ անվամբ հաշվառված են օրինական եկամուտները շեշտակիորեն գերազանցող արժեք ունեցող գույքեր՝ Հակոբյանը 2014 թվականին ձեռնամուխ է եղել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքերի իրական պատկանելությունը թաքցնելուն՝ դրանք նվիրատվության ու առուվաճառքի ձևական պայմանագրերով օտարելով մտերիմներին: Այսպիսով՝ Հակոբյանը, ըստ մեղադրանքի, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված ավելի քան 351 միլիոն դրամը և 75 մլն դրամի անշարժ գույքը:
Բացի այդ, Արշակ Հակոբյանը 2013-14 թվականների ընթացքում օրինականացրել է նաև ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանի՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքը:
Մասնավորապես, Գասպարյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր անվամբ թանկարժեք գույք հայտարարագրելու դեպքում հնարավոր պատասխանատվությունից զերծ մնալու նպատակով 2013-ին Արշակ Հակոբյանին հանձնարարել է «Ավանգարդ մոթորս» ընկերությունից ձեռք բերել ավտոմեքենաներ և դրանք հաշվառել իր անվամբ: Հակոբյանը Գասպարյանի հատկացրած 151 միլիոն դրամով ընկերությունից ձեռք է բերել 2 մեքենա: Այսպիսով, ըստ մեղադրանքի՝ Արշակ Հակոբյանը նախկին ոստիկանապետի հետ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված ավելի քան 151 մլն դրամի գույքը:
Հակոբյանի մյուս մեղադրանքը վերաբերում է հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելուն: Նա, ըստ դատախազության՝ հայտարարագրում չի ներառել 2017 թվականին բանկերից մեկի տրամադրած 100 հազար դոլար վարկը, որը հանգեցրել է խոշոր չափի գույքի չհայտարարագրմանը: Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետը կալանավորված է, գործով նախաքննությունն ավարտվել է: Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև նախկին ոստիկանապետը: