Այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն աշխատանքային այց է կատարել «Սևան» ազգային պարկ:
Նախարարի տեղակալն ազգային պարկի ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել հանրային լողափերի տարածքներում, տեղում ծանոթացել իրականացված նախապատրաստական աշխատանքներին, քննարկել առկա խնդիրները և ժամկետները։
Առաջին կանգառը Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Սևան-Գավառ ավտոմայրուղուց դեպի լիճ ընկած ափամերձ հատվածում գտնվող հանրային լողափն էր։
Տեղում նախարարի տեղակալին են ներկայացվել իրականացված մաքրման և տարածքի բարեկարգման աշխատանքները։ Տարածքը մաքրվել է թփուտներից և բուսական մնացորդներից, իրականացվել են հարթեցման աշխատանքներ։
Նախագծի շուրջ հանրային լսումից հետո կսկսվեն կահավորման աշխատանքները։
Նախարարի տեղակալը կարևորել է ժամկետների խստիվ պահպանման հարցը։
Հաջորդիվ Արամ Մեյմարյանն այցելել է Գավառ համայնքի, Ծովազարդ բնակավայրի վարչական սահմաններում, Սևան-Գավառ-Մարտունի ավտոմայրուղուց դեպի լիճ ընկած ափամերձ հատվածում գտնվող լողափ։
Տեղում արձանագրվել են մի շարք խնդիրներ և նախագծով սահմանված աշխատանքների ժամկետների խախտումներ։ Խնդիրը լրացուցիչ կքննարկվի ազգային պարկի և նախարարության մասնագետների մասնակցությամբ։
Շրջայցն ավարտվել է «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի տարածք այցելությամբ, որտեղ նախարարի տեղակալը դիտարկել է այցելուների մուտքի կարգի կազմակերպման նոր տարբերակը։
Նախարարի տեղակալն ազգային պարկի աշխատակիցներին տվել է մի շարք հանձնարարականներ՝ լողափնյա սեզոնին պատրաստվելու և քաղաքացիների ջրային հանգստի պատշաճ կազմակերպման վերաբերյալ։