ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մարտի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ Գիորգի Շարվաշիձեն իր արդյունավետ աշխատանքով կնպաստի երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտի համագործակցության զարգացմանը: Անդրադառնալով նախարարության կողմից իրականացվող գործունեությանն ու ծրագրերին՝ Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ այն երկկողմ օրակարգի հնարավորություն է ընձեռնում ոլորտային մի շարք ուղղություններով գործակցության ընդլայնման համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Գիորգի Շարվաշիձեն ներկայացրել է Վրաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումները, նշել, որ այն համակարգում է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը և հույս հայտնել, որ երկու երկրների ոլորտային նախարարությունների միջև առկա համագործակցությունն արդյունավետ և շարունակական կլինի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական կրթության, նանոտեխնոլոգիաների, մի շարք այլ ուղղություններով համատեղ նախագծեր իրականացնելու, առաջիկայում Վրաստանում կայանալիք հայ-վրացական բիզնես ֆորումին առնչվող մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև վերջերս Երևանում կայացած «ԴիջիԹեք 2022» ցուցահանդեսին, որին 10 վրացական ստարտափ ընկերություններ էին ներկայացված: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտային ցուցահանդեսներին փոխադարձ մասնակցության վերաբերյալ։
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են փորձի փոխանակման ու արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը։