ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին հարց ուղղեցին դեսպանատներում Շենգեն վիզայի տրամադրման գործընթացի մասին:
«Շատացել են բողոքները և՛ օր ամրագրելու հնարավորության հետ կապված, և՛ վիզա ստանալու պրոցեսի հետ կապված որոշ դժվարությունների առնչությամբ: Դիմումատուների թվի աճի, դեսպանատների կարողությունների ոչ բավարար լինելու հետ կապված խնդիրներ կան: Բայց նաև, ինչքան հասկացա, խնդիր կա, որ տուրիստական գործակալությունները կարողանում են օրերն ամրագրել, հետո հայտն անվանափոխել և վաճառել»,- ասաց հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
ԱԳ նախարարի տեղակալն էլ պատասխանեց, որ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է:
«Իրավիճակը վատթարացել է վերջին ամիսների ընթացքում, ստացել ենք բազմաթիվ բողոքներ թե՛ քաղաքացիներից, թե՛ պաշտոնյաներից: Երկու ուղղությամբ ենք աշխատում: Հաջորդ շաբաթ պետք է հրավիրենք մի շարք գործընկերների, որպեսզի ունենանք քննարկումներ: Ավելի ակտիվացնելու ենք վիզայի ազատականացման գործընթացը ԵՄ-ի հետ:
Պետք է նշեմ, որ որոշ դեսպանությունների հետ որոշակի բարելավումներ տեղի ունեցել են:
Նաև հրավիրել ենք տուրիզմի կոմիտեի ներկայացուցիչներին, քանի որ մեծ վնաս է հասցվում մեր տուրիզմին»,- ասաց Հովհաննիսյանը: