Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության արտակարգ և լիազոր Խեսուս Ռաֆայել Սալասար Վելասկեսը:
Նախագահ Խաչատուրյանը, շնորհավորելով նորանշանակ դեսպանին, մաղթել է հաջողություններ և արդյունավետ աշխատանք:
«Այս տարի մեզ համար նշանակալի տարի է: Մենք նշելու ենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին, և Ձեր նշանակումը, կարծում եմ՝ շատ խորհրդանշական է այդ առումով: Կարծում եմ՝ մենք միասին ամեն ինչ կանենք, որ մեր հարաբերություններին նոր շունչ տանք և օգտագործենք մեր երկու պետությունների, ժողովուրդների ներուժը՝ հանուն մեր երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացման»,- ասել է նախագահը:
Դեսպան Վելասկեսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է. «Ինձ հետ բերել եմ Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոյի, ինչպես նաև ողջ Վենեսուելայի ժողովրդի ջերմ ողջույնները»:
Հանդիպմանը քննարկվել են հայ-վենեսուելական հարաբերությունների զարգացման հնարավորությունները և հեռանկարները: Նախագահ Խաչատուրյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանի և Վենեսուելայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը լավ առիթ է երկկողմ փոխգործակցության զարգացման, քաղաքական երկխոսության մակարդակի բարձրացման համար:
Երկուստեք կարևորվել է միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցությունը: Դեսպան Խեսուս Ռաֆայել Սալասար Վելասկեսը շեշտել է, որ Վենեսուելայում Հայաստանի Հանրապետության դեսպանի սպասվող նշանակումն իր կարևոր դերակատարությունը կունենա երկու երկրների միջև շփումների սերտացման և հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ընդհանուր իրադրությանը, ադրբեջանական կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակմանն ու տարածաշրջանային հիմնախնդիրներին: Երկուստեք շեշտվել է հակամարտությունների խաղաղ և առանց ուժի սպառնալիքի կարգավորման հրամայականը: