Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ևս 60 օրով երկարաձգում է Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի հետ կնքած գործարքը, որը թույլ է տալիս Ուկրաինային հացահատիկ արտահանել իր սևծովյան նավահանգիստներով։
Նա ընդգծել է, որ Մոսկվան բարձր է գնահատում ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջնորդական ջանքերը և աջակցում է նրան Նոբելյան մրցանակի առաջադրելու նախաձեռնությունը:
Պեսկովը նաև տեղեկացրել է, որ մարտի 20-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ոչ պաշտոնական հանդիպումը, իսկ հաջորդ օրը երկու ղեկավարները պաշտոնական բանակցություններ կանցկացնեն:
Ավելի վաղ՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ Կիևը բանակցում է Պեկինի հետ՝ Վոլոդիմիր Զելենսկիի և Սի Ծինփինի հնարավոր շփումների հարցով։ The Wall Street Journal-ն էլ գրում է, որ Սի Ծինփինը ցանկանում է առցանց բանակցություններ անցկացնել Զելենսկու հետ և միջնորդել ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման հարցում: