ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդողների վերապատրաստման ծրագրի մեկնարկի մասին: 2023 թ. վերապատրաստման դասընթացները կանցկացվեն հուլիսի 2-29-ը:
Վերապատրաստումը կընթանա ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաստատած տարբերակված մեկամսյա հետևյալ 7 ծրագրով՝
-
Ուսուցում մանկապարտեզում
-
Ուսուցում մեկօրյա դպրոցում
-
Տարրական ուսուցում
-
Հայոց լեզվի և գրականության դասավանդում
-
Հայոց պատմություն և մշակույթի պատմություն
-
Պարարվեստ
-
Տնօրենների վերապատրաստում
Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության վկայագրեր: Ծրագրի ընթացքում դասընթացների կազմակերպման, ուսուցիչների կեցության, թանգարանային այցելությունների և շրջագայության ծախսերը, ծրագրի բացման օրվանից մինչև փակման օրը, ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը:
Ճանապարհածախսը, ներառյալ օդանավակայանից մինչև հյուրատուն, և Հայաստան մուտքի արտոնագրի (վիզա), բժշկական ճանապարհորդական ապահովագրության ծախսերը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 28-ը ներառյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել ուսուցչի կողմից լրացված և կրթօջախի տնօրինության կողմից վավերացված հայտը (հայտաձևը և ծրագիրը կցվում են):