Այսօր հրավիրված Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր խոսքում նախ՝ անդրադարձավ այն ժամանակաշրջանին, երբ ստանձնել էր Երևանի քաղաքապետի պաշտոնը, այնուհետև հայտարարեց իր հրաժարականի մասին:
«Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ
2021 թվականի վերջին Երևանի ավագանու որոշմամբ ստանձնեցի Երևանի քաղաքապետի պաշտոնը: Դա տեղի ունեցավ համայնքի համար կառավարման բարդ ժամանակաշրջանում, բարդ էր նաև այդ ժամանակաշրջանում ընդհանուր քաղաքական իրավիճակը, քաղաքային խնդիրների առումով նույնպես:
2018 թվականին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում մենք ունեինք հրապարակված նպատակներ, որոնք որ պետք է իրագործեինք, և ես պատասխանատվություն ստանձնեցի, որպեսզի շարունակենք այդ ծրագրի իրականացման աշխատանքները, որպեսզի չկանգնի: Իհարկե, այդ ծրագրերը շարունակելու համար 2 անհրաժեշտ կոմպոնենտ կար, որ ապահովված չէր: Առաջինը՝ Կառավարության և Երևանի միջև համագործակցությունն էր, որը, որպես այդպիսին, խզվել էր:
Երկրորդը՝ արդեն նշեցի, որ 2018 թվականի «Իմ քայլը» դաշինքի ծրագրերն էին, որ պետք է իրականացնեի: Հիմա, երբ ավագանու ընտրությունները բավականին մոտ են, իսկ քաղաքապետարանի և Կառավարության միջև համագործակցությունը, կարող եմ ասել, որ բավականին լավ է, ոչ մի խոչընդոտ չկա, ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին:
Շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ: Շարունակելու եմ աշխատել մեր պետության զարգացման և կայացման ուղղությամբ»,- ասաց Սարգսյանը:
Սարգսյանը հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է:
«Հույս ունեմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա երևանցու վստահության քվեն, և հնարավորություն կունենանք շարունակել մեր համայնքի համար գերակա կարևոր ծրագրերը, որոնք համատեղ սկսել ենք դեռ 2018 թվականից»,- ասաց Սարգսյանը:
Տեղեկացնենք՝ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սեյրան Մեջլումյանը:
Հիշեցնենք՝ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետ էր ընտրվել 2021 թվականի դեկտեմբերի 22-ին: