Անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների դեպքում առաջարկվում է կիրառել էլեկտրոնային հսկողության միջոցներ, ինչը թույլ կտա բռնության զոհերի պաշտպանությունն իրականացնել շատ ավելի արդյունավետ եղանակով և ոստիկանության տեսադաշտ բերել այն բոլոր դեպքերը, որոնք դուրս կմնային, եթե հսկողության այսպիսի միջոցներ չկիրառվեն: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ի արտահերթ նիստում:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում հնչած մտահոգությունների և առաջարկների հիման վրա Կառավարությունը նախագիծը լրամշակել է:
Ընդունվել է նաև պատգամավոր Զարուհի Բաթոյանի առաջարկը: Պատգամավորն առաջարկել էր իմպերատիվ կերպով չկիրառել էլեկտրոնային հսկողության միջոցները, այլ դրանք կիրառել միայն անհրաժեշտության դեպքում, եթե կա վտանգ, երբ ինչ-որ դեպք կարող է դուրս մնալ ոստիկանության տեսադաշտից:
Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: