ԱՆԴՐԱԴԱՐՁ ԱՐՑԱԽՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄԻՆ
Երեք ամսից ավելի Լաչինի միջանցքն անօրինական արգելափակած պաշտոնական Բաքվի գործողությունները ոչ այլ ինչ են, քան Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականության դրսևորում: Հայտարարեց ԱԺ փոխնախագահը՝ ռուս գործընկերներին ներկայացնելով ստեղծված հումանիտար ճգնաժամը: Հայաստանի ու Ռուսաստանի օրենսդիր մարմինների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստն այս անգամ Ծաղկաձորում է անցկացվում: Հակոբ Արշակյանը, խոսելով ստեղծված իրավիճակից, շեշտեց՝ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի միակ ճանապարհն է, և այժմ այնտեղ բնակվող շուրջ 120.000 հայ զրկված է առաջին անհրաժեշտության ապրանքներից ու ծառայություններից, այդ թվում` կենսական նշանակության դեղամիջոցներից և բժշկական օգնությունից:
Հակոբ Արշակյան (ՀՀ ԱԺ փոխնախագահ) - Ստեղծված իրավիճակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է: Միջանցքի երկայնքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի առանց հապաղելու: Այսօր առավել քան արդիական է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը:
Արշակյանը կարևորեց ռուսական խաղաղապահ առաքելության դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման, նաև Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման գործում: Նա հիշեցրեց, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու համար:
Հակոբ Արշակյան - Ադրբեջանի անօրինական գործողությունները նպաստում են լարվածության աճին և խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատումը: Մենք ընդգծում ենք միջազգային մեխանիզմների, այդ թվում` մոնիթորինգի մեխանիզմների գործարկման կամ վերսկսման անհրաժեշտությունը` ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը:
Թեման շարունակեց ռուսական պատվիրակության ղեկավարը: Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահի խոսքով՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է ամբողջությամբ ու հնարավորինս շուտ վերականգնվի: Ըստ նրա՝ Երևանի ու Մոսկվայի փոխգործակցությունը միտված է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը: Ռուս խաղաղապահ զորակազմը, Յուրի Վորոբյովը հիշեցրեց, ակտիվ ներգրավված է արցախահայությանը սննդի մատակարարման, գազամատակարարման ու էլեկտրականության վերականգնման խնդիրների լուծման հարցերում:
Յուրի Վորոբյով (ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ) - Վստահ եմ, որ այս տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհն անցնում է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հստակ կատարմամբ: Անդրկովկասում խաղաղությունն ու անվտանգությունը երաշխավորվում են ռուս խաղաղապահ առաքելության ներկայությամբ: Մեր խաղաղապահներն օպերատիվ արձագանքում են հրադադարի խախտման դեպքերին, նրանց միջնորդական ջանքերի և երկու կողմերի հետ հաստատած կապերի շնորհիվ հաջողվում է կայունացնել իրավիճակը:
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
36-րդ նիստն առիթ էր քննարկելու նաև քաղաքական երկխոսության և տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացման հարցերը: Հանձնաժողովի անդամները, նաև երկու երկրների գործադիր իշխանությունների ներկայացուցիչները, անդրադարձան տնտեսական գործակցությանը, նկատեցին, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը հասել է 5 միլիարդ դոլարի, իսկ հայաստանյան տնտեսությունում ռուսական ներդրումները կազմել են 2 միլիարդ դոլար: Օրակարգային էր նաև լեզվի հարցը: Այդ մասին խոսեց միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը:
Հակոբ Արշակյան - Ուզում եմ առանձնահատուկ նշել հանձնաժողովի աշխատանքը՝ կապված հայոց լեզվի ուսումնասիրությանը Ռուսաստանում և ռուսաց լեզվի դերին Հայաստանում, այս շրջանակներում կատարված աշխատանքը, մենք մի քանի դպրոցների հանձնաժողովի աշխատանքներով նվիրել ենք ռուսաց լեզվի գրքեր, ինչպես նաև հանձնաժողովի հայկական կողմի ջանքերով դպրոցներից մեկում հիմնվել է ինժեներական լաբորատորիաներ:
Այդ դպրոցներից մեկն էլ երեկ այցելեցին երկու երկրի օրենսդիրների անդամները: Երևանի թիվի 192 հիմնական դպրոցը ռուսերեն ուսուցմամբ դասարաններ ունի, նոր ինժեներական դասասենյակն էլ բացվեց նրանց մասնակցությամբ: Կարմիր ժապավենների շարքը շարունակվեց նաև այսօր Ծաղկաձորում՝ ռուսական կենտրոնի բացմամբ:
Միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը կանցկացվի Ռուսաստանում՝ Իրկուտսկում, իսկ նախորդը, որ Կրասնոյարսկում էր կայացել, այսօր տվեց իր պտուղները՝ երկրամասի ու Տավուշի միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ:
Պատվիրակության անդամները երեկ նաև Ծիծենակաբերդի հուշահամալիր էին այցելել, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: