Թուրքիայի նախագահ Էրդողանն Անկարայում բանակցություններ է վարել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ: Օրակարգում ՆԱՏՕ-ին Հելսինկիի և Ստոկհոլմի հնարավոր անդամակցության հարցն էր:
«Մենք որոշում ենք կայացրել խորհրդարանում սկսել ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Ֆինլանդիայի հայտի վավերացման գործընթացը»,- հայտարարել է Էրդողանը ֆինն գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ Անկարան Հելսինկիի կողմից «անկեղծ և վճռական քայլեր է տեսել դաշինքին անդամակցելու համար Թուրքիայի առաջ ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ»:
Անդրադառնալով Շվեդիային՝ Էրդողանը նշել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը կախված կլինի Ստոկհոլմի հետագա քայլերից. Շվեդիան դեռևս Թուրքիային չի արտահանձնել ահաբեկիչներին:
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վերաբերյալ հայտերը չեն վավերացրել անդամ պետություններից Թուրքիան և Հունգարիան: