ՆԱԵԿ ՄԶՀ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՀԱՏԿԱՑՆԻ 50 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ
Նավթ արտահանող երկրների կազմակերպության Միջազգային զարգացման հիմնադրամը հաստատել է 2023 թվականի առաջին եռամսյակի համար ավելի քան 300 միլիոն դոլարի ֆինանսավորումը: Գումարը կուղղվի Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի գործընկերների կլիմայական քաղաքականության բարելավմանը: Հիմնադրամի տվյալով՝ Հայաստանին հատկացվել է 50 միլիոն եվրո՝ աջակցելու կլիմայի փոփոխության դիմակայունության բարձրացմանը մի շարք բարեփոխումների միջոցով:
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԵԼ ԴԱՂՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ-ԻՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստակամություն կա կառուցելու Դաղստան-Ադրբեջան-Իրան ճանապարհ՝ չնայած աշխարհաքաղաքական բարդ իրադրությանը:
«Բոլորը համաձայն են՝ չնայած տարածաշրջանների երկրների միջև հակասություններին, որոնք միշտ առաջանում են հարևանների միջև»,- ասել է Պուտինը, հավելել՝ մնում է հասկանալ՝ ինչ տեմպով է իրականացվելու ճանապարհի կառուցումը, և որոնք են ֆինանսավորման վերջնական աղբյուրները։
ԲԱՑՎԵԼ Է ՌԴ-ԱԴՐԲԵՋԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԳՏՆՎՈՂ «ԽԱՆՈԲԱ» ՄԱՔՍԱԿԵՏԸ
Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ տեղեկացնում են, որ շահագործման է հանձնվել Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանին գտնվող «Խանոբա» մաքսակետը։ Բացման արարողությանը մասնակցել են Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը։
Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Ադրբեջանի հետ հարաբերությունների ամրապնդմամբ:
«Այս նախագիծը կմիավորի Ռուսաստանին, Ադրբեջանին, Իրանին և Պարսից ծոցը»,- ընդգծել է Օվերչուկը:
ԶԼՄ-ները նշում են՝ մաքսակետի գործարկումը թույլ կտա արագացնել բեռնափոխադրումները Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով և պարզեցնել երկու երկրների միջև սահմանները հատելու ընթացակարգերը:
ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶՐՈՒՑԵԼ Է ԲԱՅՐԱՄՈՎԻ ԵՎ ԱԲԴՈԼԼԱՀԻԱՆԻ ՀԵՏ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները:
Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել նաև Թուրքմենստանի արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի հետ: Անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարին։
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՋՐՀԵՂԵՂԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է
Թուրքիայում երկրաշարժից տուժած Շանլիուրֆա և Ադըյաման բնակավայրերում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն աճում է: Այժմ հայտնի է 18 զոհի մասին, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Հորդառատ անձրևների պատճառով ավերածություններ կան նաև այն տարածքներում, որտեղ երկրաշարժից տուժածների համար վրանային ճամբարներ էին կառուցվել:
Թուրքական իշխանությունների գնահատմամբ` երկրաշարժերի հետևանքով երկրի տնտեսական վնասը գերազանցում է 105 մլդ դոլարը։ Նշվում է, որ դեռ հետցնցումներ են արձանագրվում: Ռեջեփ Էրդողանը հայտարարել է՝ երկրաշարժի զոհերի թիվը շուրջ 50 000 է, վիրավորներինը՝ ավելի քան 115 հազար։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ նախատեսվում է կառուցել 610 հազար նոր տուն և շինություն:
ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՎԱՐԵԼ ՆԻԻՆԻՍՏՈՅԻ ՀԵՏ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում բանակցություններ է վարել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ: Օրակարգում ՆԱՏՕ-ին Հելսինկիի և Ստոկհոլմի հնարավոր անդամակցության հարցն էր:
«Մենք որոշում ենք կայացրել խորհրդարանում սկսել ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտի վավերացման գործընթացը»,- հայտարարել է Էրդողանը ֆինն գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ Անկարան նկատում է՝ Հելսինկին վճռական ջանքեր է գործադրում և պատրաստակամ է կատարել ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի պահանջները:
Անդրադառնալով Շվեդիային՝ Էրդողանը նշել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը կախված կլինի Ստոկհոլմի հետագա քայլերից, հիշեցրել՝ Շվեդիան դեռ չի արտահանձնել Թուրքիայում ահաբեկչության համար մեղադրվող անձանց:
ՊԵՏՔ Է ԿՌՎԵՆՔ ԲԱԽՄՈՒՏԻ ՀԱՄԱՐ ԱՅՆՔԱՆ, ՈՐՔԱՆ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ. ԿՈՒԼԵԲԱ
Եթե ռուսական ուժերը գրավեն Բախմուտը, սպառնալիքի տակ կարող են հայտնվել նաև այլ քաղաքներ՝ հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։
«Մենք պետք է կռվենք Բախմուտի համար այնքան, որքան ֆիզիկապես կկարողանանք»,- ասել է Դմիտրո Կուլեբան, հիշեցրել՝ ուկրաինական ուժերը պահում են քաղաքը արդեն ավելի քան յոթ ամիս։
Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովն էլ նշել է, որ Բախմուտի պաշտպանությունն առանցքային նշանակություն ունի, և ուկրաինական կողմը կշարունակի քաղաքի պաշտպանությունը:
Ավելի վաղ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը տեղեկացրել էր, որ ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Բախմուտի արևելյան հատվածի նկատմամբ, մարտերը շարունակվում են: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալն էլ հայտարարել է, որ Բախմուտի շուրջ իրավիճակը Ուկրաինայի համար շատ վատ է:
ՌԴ-Ն 60 ՕՐՈՎ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ Է «ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԳՈՐԾԱՐՔԸ». ՊԵՍԿՈՎ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ևս 60 օրով երկարաձգում է Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի հետ կնքած գործարքը, որը թույլ է տալիս Ուկրաինայից հացահատիկ արտահանել սևծովյան նավահանգիստներով։ Նա ընդգծել է, որ Մոսկվան բարձր է գնահատում ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Ռեջեփ Էրդողանի միջնորդական ջանքերը և աջակցում է նրան խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրելու նախաձեռնությանը:
Պեսկովը նաև տեղեկացրել է, որ մարտի 20-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ոչ պաշտոնական հանդիպումը, իսկ հաջորդ օրն առաջնորդները պաշտոնական բանակցություններ կանցկացնեն:
Ավելի վաղ՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ Կիևը բանակցում է Պեկինի հետ՝ Վոլոդիմիր Զելենսկու և Սի Ծինփինի հնարավոր շփումների հարցով։ The Wall Street Journal-ն էլ գրում է, որ Սի Ծինփինը ցանկանում է առցանց բանակցություններ անցկացնել Զելենսկու հետ և միջնորդել ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման հարցում: