Շահագործման է հանձնվել Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանին գտնվող «Խանոբա» մաքսակետը։ Բացման արարողությանը մասնակցել են Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը։
Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Ադրբեջանի հետ հարաբերությունների ամրապնդմամբ: Նա հավելել է՝ Բաքվի հետ բանակցություններ են տարվում նաև երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հարցով: «Այս նախագիծը կմիավորի Ռուսաստանին, Ադրբեջանին, Իրանին և Պարսից ծոցը»,- ընդգծել է Օվերչուկը:
2020 թվականի ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2,4 միլիոն դոլար էր հատկացրել մաքսակետի կառուցման համար, ավելի քան 17,6 մլն դոլար էլ հատկացվել է «Խանոբա» և «Սամուր» անցակետերի միջև ավտոմայրուղու վերակառուցման համար։
Ադրբեջանի կառավարության տվյալով՝ մաքսակետի գործարկումը թույլ կտա արագացնել բեռնափոխադրումները Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով, պարզեցնել սահմանը հատելու ընթացակարգերը: