ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրեց «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը:
«2022-ը շատ դինամիկ տարի էր ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԵՄ անդամ երկրների տեսանկյունից: Նախևառաջ Եվրամիության միջնորդային ջանքերն էին մեր տարածաշրջանում: Դրա վառ ապացույցն է 2022 թվականի հոկտեմբերի 21-ին 2 ամիս ժամկետով Հայաստանում մշտադիտարկման կարողությունների առաքելության տեղակայումը, որը հետո վերածվեց այլ, ավելի երկարատև ֆորմատի: Այդ որոշումն էականորեն նպաստեց տարածաշրջանում անվտանգային իրավիճակի կայունացմանը:
Որոշակի չափով նվազել են պրովոկացիաների թիվը: Կարծում ենք, որ որոշակի դեր խաղաց ավելի լայնամասշտաբ պրովոկացիա կանխելու գործում»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա անդրադարձավ ան հարցին, թե այդ առաքելության տեղակայումն ինչ արձագանք առաջացրեց այլ երկրների շրջանում:
«Օրինակ՝ Իրանի դեպքում, որը նույնպես շատ զգայուն է տարածաշրջանում նման առաքելությունների ստեղծման հարցին, բավականին դրական արձագանքեց: Իրանի դեսպանը հայտարարեց, որ որևէ խնդիր չեն տեսնում առաքելության տեղակայման հետ կապված: Դա ցույց է տալիս, որ բացատրական աշխատանքների դեպքում ընկալումն այլ է: Պետք է շարունակենք աշխատանքն այլ գործընկերների հետ այդ առումով և ավելի շատ ներկայացնենք տեղեկատվություն:
Ռուսաստանի դեպքում տեղյակ ենք զգայուն վերաբերմունքի մասին: Հարցը քննարկում ենք գործընկերների հետ: Գիտեք, որ շուտով ՀՀ ԱԳ նախարարի այցն է Մոսկվա, այդ հարցը այն հարցերից է, որ վստահաբար կքննարկվի»,- ասաց Հովհաննիսյանը: